«1-2 օրվա ընթացքում, գուցե նաև վաղը, վերջնական որոշումը կլինի»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն լայն կոնսոլիդացված ցուցակով: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԴ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, վաղը կլինի վարչության նիստ, որից հետո կխոսեն պաշտոնական մոտեցումների վերաբերյալ:

«Մեր մոտ շատ թափանցիկ կլինի ամեն ինչ, ինքներդ ականատես կլինեք, թե ինչպես է ձևավորվում, նաև այդ, այսպես ասած, ով, որտեղ, ինչպես կներկայացնի ռեյտինգայինով, ով համամասնականով: Ցուցակի շուրջ քննարկումներ լինում են ամեն պահի, հստակ կարող եմ ասել, որ ոչ ուշ, քան 1-2 օրվա ընթացքում, գուցե նաև վաղը, վերջնական որոշումը կլինի»,- ասաց Քոքոբելյանը:

Ըստ նրա` «Ժառանգության» նախկին անդամներ Անահիտ Բախշյանի և Ստյոպա Սաֆարյանի հետ պայմանավորվածություն արդեն իսկ ձեռք է բերվել և նրանք մասնակիցն են ամբողջ գործընթացի:

Հրանտ Բագրատյանի կուսակցության հետ միության մասին 168.am-ի հարցին Քոքոբելյանը խուսափեց պատասխանել: Գործընկերոջ անունը լսելուն պես նա հեռացավ` առանց որևէ պարզաբանում տալու, թե ինչպե՞ս են միավորվում, և եթե դաշինք չի լինելու, ընդհանուր ցուցակն ինչպե՞ս են կազմում և ո՞ր կուսակցության անունով է այն լինելու. «Խոստանում եմ` վաղը շատ կխոսեմ»:

Տեսանյութեր

Լրահոս