«Քաղաքականության մեջ մտնողի վախը պետք է պորտի հետ կտրած-գցած լինեն». Վահրամ Բաղդասարյան

Այսօր` փետրվարի 6-ին, սկսվել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակների ներկայացման ժամկետը, որն ավարտվելու է փետրվարի 16-ին: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ քննարկում է ընտրացուցակների հարցը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ցուցակների ժամկետները չեն խախտի և կներկայացնեն, ցուցակում կլինի ամենաշատը 300 հոգի:

Նա չբացահայտեց, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, ինչպես նաև, թե ով է ղեկավարելու ՀՀԿ շտաբը: 168.am-ի հարցին՝ ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ ցուցակը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ցուցակը կլինի ավելի քաղաքականացված, մենք բավականին լուջ մոտեցում ենք ցուցաբերում, յուրաքանչյուր անձի շուրջ կազմակերպում ենք քննարկումներ, որ, ի նկատի ունենալով, որ այս նոր խորհրդարանական համակարգի հետ հաշվի նստեն բոլոր քվեարկվողները, որ այն պետք է լինի բավականին լուրջ և աշխատատար»:

Հարցին, թե գեներալներն ու օլիգարխները նորից հնարավորություն կունենա՞ն ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու, խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե իրենք հակված չեն հասարակության որևէ հատվածի մեկուսացնել, պետք է նկատի ունենան նրանց հնարավորությունները և կարողությունները պատգամավորական աշխատանքով զբաղվելու:

Բաղդասարյանը վստահեցրեց, թե ՀՀԿ-ում կանանց միջև այնպիսի համերաշխ մթնոլորտ է, որի նմանը որևէ այլ տեղ չկա: Ըստ նրա` կանանց ցուցակը ևս դեռ քննարկվում է, դեռ վերջնական չէ:

Անդրադառնալով ՀՀԿ-ից նեղացածների խնդրին` Բաղդասարյանը նկատեց, թե դա նրանց պետք է հարցնել. «Հովիկ Աբրահամյանն ասե՞լ է, որ նեղացած է: Ինքը պետք է ասի: Մենք չենք նեղացրել իրեն»:

Հարցին, թե՝ ՀՀԿ-ում չեն վախենո՞ւմ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա՝ հաշվի առնելով թիմակիցների պայքարը ռեյտինգային ցուցակով, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ մտնողի վախը պետք է պորտի հետ կտրած-գցած լինեն: Մենք անհանգստանում ենք, որ հանրության ու միջազգային կառույցների համար ընկալելի լինի, ընտրություններն անցնեն ամենաբարձր մակարդակով»:

«Ընտրությունների հաջորդ օրվանից հետո նոր իրավիճակ է ստեղծվում, պետք է կարողանանք կանոնակարգել: Ինտրիգային անակնկալներ չեք տեսնի»,- ասաց Բաղդասարյանը:

Մեր հարցին, թե՝ անձամբ Բաղդասարյանն առաջադրվելո՞ւ է  ռեյտինգային ընտրակարգով, նա պատասխանեց, որ դա էլ քննարկումներից հետո կտեղեկացնեն: Դիտարկմանը, որ Վանաձորում չեն կողմնորոշվում` Բաղդասարյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին ընտրեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հուշեց` «Երկուսիս էլ, եթե քվեարկվենք: Վանաձորցիները լավ են կողմնորոշվում, մի անհանգստացեք»:

Տեսանյութեր

Լրահոս