Բաժիններ՝

Երևանում կգործի Արցախի Սահմանադրական հանրաքվեի ընտրատեղամաս

Սահմանադրական հանրաքվեի մասին իրազեկման միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, Սրցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած Աշոտ Ղուլյանը փետրվարի 3-ին Ստեփանակերտի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում հանդիպում է ունեցել ՀՀ բուհերում ուսանող արցախցիների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով ուսանողներին և հայտնելով շնորհակալություն ներկայության համար՝ Ա. Ղուլյանը տեղեկացրել է հանդիպման նպատակը՝ նշելով, որ Երևանում նույնպես կգործի ընտրատեղամաս հանրաքվեի համար՝ հաշվի առնելով այն, որ Արցախի շատ քաղաքացիներ այդ օրերին գտնվելու են այնտեղ: ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը տեղեկացրել է, որ այժմ ՀՀ տարբեր բուհերում՝ հիմնականում Երևանում, ուսանում է 429 արցախցի։

Ա. Ղուլյանն ասել է, որ այս օրերին կարևոր իրադարձությունների շեմին է Արցախը։ Նա նշել է, որ նոր Սահմանադրության նախագիծն արժանացել է ԱԺ հավանությանը: Մինչև քարոզարշավն սկսելը ԱԺԿ-ն և «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հռչակագիր են ստորագրել՝ միավորվելու մի շտաբում և քարոզարշավը համատեղ իրականացնելու համար: Ա.Ղուլյանն ընդգծել է. «2006-ին կար անհրաժեշտություն, և ընդունեցինք առաջին Սահմանադրությունը, որը մեծ դեր ունեցավ մեր երկրի կյանքում: Այնուհետև, եղավ անհրաժեշտություն, որ կատարվի սահմանադրական փոփոխություն, փոխվի նաև երկրի կառավարման ձևը»:

Արցախի ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրել է նոր Սահմանադրության փոփոխված որրոշ հոդվածներ՝ նշելով, որ Սահմանադրությունը պետք է լինի ճկուն, սակայն ոչ հեշտ փոփոխվող:

Նա անդրադարձել է երկրի ՏԻՄ համակարգին՝ համարելով, որ դա անկատար է և խոսել է Արցախի անկախության օրվանից գործած օրենքների, կառավարման ձևերի մասին, որոնց հիմքի վրա էլ որոշվել է իրականացնել նոր փոփոխություններ: Ուսանողներին դիմել են նաև ԿԳՍ և ՄԵՀ նախարարները՝ հորդորելով լինել ակտիվ և փետրվարի 20-ին Երևանում մասնակցել հանրաքվեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս