Սամուել Տեր-Եղիայան. ԱՄՆ դաշնային դատավոր դարձած առաջին հայ ներգաղթյալը

Սամուել Տեր-Եղիայանը (Samuel Der-Yeghiayan) ԱՄՆ Իլլինոյս նահանգի Հյուսիսային շրջանի դաշնային դատավոր է: Ամերիկյան այս նահանգի դատական մարմինը ամենածանրաբեռնվածներից մեկն է երկրում: Նրա իրավասության ներքո է գտնվում Չիկագոն, որը համարվում է բնակչության թվով երրորդ խոշոր քաղաքն ԱՄՆ-ում:

Սամուել Տեր-Եղիայանը դաշնային դատավորի պաշտոնին նշանակվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի կողմից 2003թ.: Այսկերպ նա դարձել է առաջին հայ ներգաղթյալը, որը Միացյալ Նահանգներում դատական համակարգի նման բարձր պաշտոն է ստացել:

Սամուել Տեր-Եղիայանը ծնունդով Սիրիայի Հալեպ քաղաքից է, որտեղ նրա նախկիները գաղթել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Նրա պատանեկությունն անցել է Լիբանանում, իսկ 19 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ:

Միսսուրի նահանգի Աստվածաբանական ինստիտուտում ստանալով քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան՝ երիտասարդը իր կրթությունը շարունակել է Նյու Հեմփշիր նահանգի իրավաբանական դպրոցում:

Իր կարիերան Սամուել Տեր-Եղիայանը սկսել է 1978 թվականին՝ ընդգրկվել է ԱՄՆ գլխավոր դատախազին կից գերազանցիկ շրջանավարտների ծրագրում, աշխատել է Չիկագոյի օկրուգի, ինչպես նաև Իլլինոյս, Ինդիանա ու Վիսկոնսին նահանգների միգրացիայի ծառայություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Որպես պետական փաստաբան է հանդես եկել 1978-1982թթ., աշխատել է որպես բարձրագույն դատական խորհրդատու:

ԱՄՆ դատական համակարգում իր կարիերայի տարբեր փուլերում սիրիահայն արժանացել է բազմաթիվ կոչումների ու մրցանակների:

Դրանց թվում ամենանշանակալին TheFrank McGarr Award մրցանակն է, որը Սամուել Տեր-Եղիայանին շնորհվել է Ամերիկայի փաստաբանների դաշնային ասոցիացիայի կողմից՝ Չիկագոյում բազմամյա փաստաբանական գործունեություն ծավալելու համար:

2000թ. նա նշանակվել է Բիլ Քլինթոնի վարչակազմին կից ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում միգրացիոն դատավոր (Չիկագոյում):

Իր գործունեության ընթացքում Տեր-Եղիայանը վարել է բազմաթիվ աղմկահարույց գործեր, որոնք կարևոր նշանակություն են ունեցել ԱՄՆ-ում իրավունքի տեսակետից:

Նա ԱՄՆ հայ համայնքի ակտիվ անդամ է, հաճախ ելույթներ է ունենում հայերին ու Հայաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս