«Դաշինքով մասնակցելուն կողմ եմ, բայց ո՞ւմ հետ». Լյովա Խաչատրյան

«Օդիոզ դեմքերի պակաս մենք չունենք և ոչ մի կուսակցությունում: Եկեք նստենք, թվաբանություն անենք, տեսնենք՝ որտեղ է շատ: Դրա պակասը մենք չունենք: Դա հետևանք է քաղաքական մշակույթի բացակայության: Խաղի կանոններն այնպիսին են, որ ուզես թե չուզես՝ ընդունում ես դրանք, իսկ այդ խաղի կանոնները պարտադրում է քաղաքական մեծամասնությունը: Մենք ստիպված ենք երբեմն ընդունելու խաղի կանոնները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Լ.Խաչատրյանը նշեց, որ ինքը չի մասնակցում «Ծառուկյան» դաշինքի ձևավորման շուրջ տեղի ունեցող քննարկումներին, անգամ տեղյակ չէ, թե որ ուժերի հետ են բանակցությունները, թեև կողմ է դաշինք կազմելուն. «Դաշինքով մասնակցելուն կողմ եմ, բայց ո՞ւմ հետ»:

Ըստ նրա՝ ձևական մթնոլորտ է ստեղծվել, չկա գաղափարախոսություն, չկա կուսակցություն, չկա քաղաքական դաշտ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. «Ինչ-որ մի կուսակցություն դուք տեսնո՞ւմ եք, որ գաղափարական հենքի վրա է շարժվում»:

Մեր դիտարկմանը` ԲՀԿ-ն և՞ս գաղափարական հենքով չի շարժվում, Լ.Խաչատրյանը պատասխանեց. «Ես բոլորի մասին եմ խոսում: Մենք կձգտենք ձևավորել քաղաքական դաշտը Հայաստանում, որ, ի վերջո, նաև գաղափարների պայքար գնա: Նման Ընտրական օրենսգրքով հնարավոր չի գաղափարական պայքար մղել»:

Նշելով, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է մահապարտների ջոկատներ հավաքելու մասին, բայց նախկինում ընտրական հանձնաժողովներում «Բարգավաճի» անդամները մինչև վերջ չեն պայքարել ԲՀԿ համար, Լ.Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ԲՀԿ-ին կհաջողվի՞ այս անգամ իր ստացած քվեները պահպանել, պատգամավորը հակադարձեց, թե բարգավաճականները միշտ կայուն են եղել, ոչ մեկի չեն զիջել.

«Պարզապես, երբ չկա քաղաքական մշակույթ, կան ամենաբացասական երևույթներն ընտրական պրոցեսի հետ կապված, որի հիման վրա եզրակացություն է արվում, որ չկա դաշտ, մշակույթ, նաև չկա ԸՕ: Փոխանակ ԸՕ-ն օգներ քաղաքական դաշտի կայացմանը, հակառակը՝ այն կարծես տեղական խառոշիների ինքնադրսևորման արենայի վերածեց ընտրական պրոցեսը: Եթե ժողովուրդը մեզ վստահի, մենք կունենանք ապագայում այլ ԸՕ և այլ Սահմանադրություն»:

Տեսանյութեր

Լրահոս