Արփինե Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից հեռանալու մասին
«Յուրաքնաչյուր մարդ ինքն է որոշում իր քայլերի հաջորդականությունը, այդ թվում` քաղաքական ոլորտում: Որևէ հարց, չեմ կարծում, որ կարիք կա հատուկ աստառ տալ և քննարկել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանը` խոսելով վերջին շրջանում դիտարկվող ՀՀԿ-ի շարքերը լքելու գործընթացի մասին:
Հարցին, թե ճաքե՞ր է տալիս իշխանությունը, չէ՞, որ Հովիկ Աբրահամյանը լուրջ ուժ էր ՀՀԿ համար, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք կհամոզվեք` ճաքեր տալի՞ս է, թե՞ ոչ, առաջիկայում»:
«Ես համոզված եմ, որ խորհրդարանական պետության, հատկապես` նոր Սահմանադրության պայմաններում իրողությունները թելադրում են որոշակի պահանջմունքներ և պահանջմունքները` որոշակի իրողություններ: Այս երկուսի փոխկապակցման արդյունքում ձևավորվում է որոշակի արդեն գոյություն ունեցող իրականություն, որի հետ մենք պարտավոր ենք հաշվի նստել:
Արտահոսք կորակե՞ք, թե՞ ոչ, ես այդպես չեմ որակի: Ինչու, ինչպես, ով որոշեց, ես մարդկային առումով էլ դա ճիշտ չեմ համարում, քաղաքական տեսանկյունից կգնահատեք ինքներդ: Գնահատական հնչեցնելը ես կոռեկտ չեմ համարում անգամ ցանկացած շարքային կուսակցականի` կուսակցությունը լքելու որոշման մասին,- ասաց Ա.Հովհաննիսյանը` չհամաձայնելով, որ ինքը համարվում էր Հովիկ Աբրահամյանի թիմի անդամ,- Ես ՀՀԿ անդամ եմ և ՀՀԿ կազմում շարունակում եմ իմ գործունեությունը»:
Նա նշեց, որ ՀՀԿ կանանց ցուցակը գլխավորելու առաջակ չի ստացել և նման տեղեկատվության չի տիրապետում: Ա.Հովհանիսյանը հրաժարվեց մեկնաբանել` արդյոք Սերժ Սարգսյանի խոսքը գետակների և առվակների մասին սպառնալի՞ք էր՝ նշելով, որ դա արված էր փոխաբերական որոշակի ձևակերպմամբ:
Թե ինչո՞ւ են հարկային ստուգումներ սկսվում ՀՀԿ-ից դուրս եկողների բիզնեսներում, նախարարը նշեց, որ նման տեղեկատվություն ինքը չունի:
Հրացին` ՀՀԿ-ին ինչքա՞ն տեղ է հարկավոր ապագա խորհրդարանում, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց. «Այնքան, ինչքան ժողովուրդը կհամարի և իր քվեն կտա»: