Պետք է նաև պաշտոնյաների սիրուհիներին ստուգել

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը պետք է ուսումնասիրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաև նրանց գույքային վիճակը:

Այդ մասին նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

«Պաշտոնյաները պաշտոնավարման մեծ մասը զբաղված են երկրի հարստությունը թալանելով»,- ասաց Ն. Փաշինյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի խոսքով` ապօրինի հարստացման մասին օրենքում շատ հստակ քրեական պատասխանատվություն է նախատեսվում, հատկապես այս դեպքերի համար, իսկ հանձնաժողովը պատասխանատվության չի ենթարկելու:

Ըստ Փաշինյանի` ապօրինի հարստացման օրենքը հետադարձ ուժ չունի և անուղղակի կերպով օրինականացնում է նախկին անօրինական հարստացումը:

Փաշինյանը նշեց, որ, օրինակ, մամուլը գրում է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը բոլոր բիզնեսներում 50% փայ ունի, կամ նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը և այլք հսկայական հարստություն են կուտակել: Պատգամավորի կարծիքով` հանձնաժողովը պետք է ստուգի բոլոր պաշտոնյաներին` սկսած 1991թ.-ից, և հանրությունը պետք է իմանա այս հարցերի պատասխանները: Նա հիշեցրեց Միհրան Պողոսյանի դեպքը, որ քրեական գործ հարուցվեց, հետո կարճվեց. «Կարո՞ղ է՝ ընտրությունները կապ ունեն դրա հետ»:

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն առաջարկեց նաև սիրուհիներին ստուգել:

«ՀՀԿ-ում այս մասին հատուկ կարծիք կա»,- ասաց Ն.Փաշինյանը:

«Ունիվերսալ սիրուհիները»,- նկատեց Մարտիրոսյանը:

«Ունիվերսալ սիրուհիներ կան, ունիվերսալ պատգամավորներ կան»,- հակադարձեց Ն.Փաշինյանը:

«Նախընտրական ստարտը տվեցիք»,- արձանագրեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս