Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀԿ­-ի տարածքային և համամասնական ցուցակները լինելու են հավակնոտ ու ներկայանալի

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական և տարածքային ցուցակները լինելու են ներկայանալի և հավակնոտ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետը հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնենք մեր ցուցակները, և դուք կտեսնեք, թե ովքեր են ընդգրկված լինելու: Այս պահին ցուցակները դեռ հստակեցման փուլում են»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով ընտրությունների օրը փոխելու հավանականությանը՝ Շարմազանովը կրկնեց, որ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ ընտրական գործընթացին մասնակից բոլոր քաղաքական դերակատարները կողմ կարտահայտվեն այդ գաղափարին: Եթե թեկուզ մեկ քաղաքական ուժ դեմ լինի ընտրությունների օրը փոխելուն, դա տեղի չի ունենա:

Դիտարկմանը, թե շրջանառվող խոսակցությունների համաձայն Արարատի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի նոր ղեկավար Ալիկ Սարգսյանի առջև խնդիր է դրվելու մարզում նվազեցնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ­-ն երբեք անձերի դեմ չի պայքարում: Առավել ևս մեր կուսակցության նախկին անդամ Հովիկ Աբրահամյանի դեմ մենք չենք պայքարում»:

Հարցին, թե ՀՀԿ­-ն մրցակից համարո՞ւմ է Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին, Էդուարդ Շարմազանովը պատախսանեց, որ իրենք մրցակից են համարում բոլոր քաղաքական ուժերին, որոնք կմասնակցեն ընտրություններին:

Տեսանյութեր

Լրահոս