«Բոլորիս ղեկավարում է հինգ շարժիչ ուժ». Ռուբեն Վարդանյանը՝ ապագայի, սխալների և հաջողության գաղտնիքների մասին

Հունվարի 31-ին Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում «Երազանքից բարձր» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունեցել ուսանողների առջև՝ պատասխանելով ներկաների հարցերին:

Ռուբեն Վարդանյանի ելույթից որոշ հատվածներ է ներկայացնում FinBuzz.ru-ն:
«Երազանքից բարձր» ծրագիրն անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Այն հիմնել են ներդրումային «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին գործընկերները՝ նպատակ ունենալով աջակցել ֆինանսների ոլորտի տաղանդավոր ուսանողներին և ցանկանալով նրանց փոխանցել իրենց գիտելիքներն ու փորձը:

Առավելությունների ու երազանքների մասին

Ես մեկ առավելություն ունեմ ձեր նկատմամբ՝ ծնվել եմ ու մեծացել այլ համակարգում՝ խորհրդային: Ինչո՞ւ է դա առավելություն: Որովհետև մարդը պետք է կարողանա ադապտացվել փոփոխվող հանգամանքներին:

Իմ երկրորդ առավելությունն այն է, որ անգամ խորհրդային համակարգի պայմաններում կարող էի պատկերացնել, թե ինչպիսին եմ ցանկանում տեսնել իմ կյանքը 20-25 տարի հետո:
Այդ իսկ պատճառով, եթե կարող ես պատկերացնել քո կյանքը 20 տարի անց և հասկանում ես, թե ինչպես կարող ես չափել քո հաջողությունը, կարող ես կայացնել որոշումներ, որոնք շրջապատողներին այնքան էլ տրամաբանական կարող են չթվալ:

Իմ երազանքը երբեք չի փոխվել՝ այն վերափոխվել է տարբեր նախագծերի: Ես ողջ ժամանակ ցանկանում էի աշխարհն ավելի լավը դարձնել: 

Ազատության, վախերի, որոշումներ կայացնելու և պատասխանատվության մասին

Արտագաղթն ու ձեռնարկատիրությունը շատ նման են: Թե՛ մեկը, թե՛ մյուսը մարդուց պահանջում են նույնը՝ հարմարավետության գոտուց դուրս գալու կարողություն:
Մեզ համար ամենասարսափելին հարմարավետության գոտուց դուրս գալն է: Ձեզնից շատ քչերն են դրան պատրաստ, քանի որ պարզվում է, որ սարսափելի է՝ իսկ հանկարծ գուցե չի ստացվի, ու այդ պատճառով մարդկանց 95 տոկոսը չի սիրում նման պատասխանատվություն ստանձնել:

Նորմալ մարդը կայունություն է ցանկանում: Մի՛ վախեցեք, եթե ձեր հիմնական ցանկությունն անսասանությունն է: Մենք բոլորս վախենում ենք փոփոխություններից: Որքան մեծանաք, այնքան դանդաղ կընդլայնվի ձեր ծանոթների շրջանակը, կպակասեն այն ռեստորանները, ուր կգնաք, ավելի քիչ վայրեր կհաճախեք, քանի որ ձեզ համար ավելի հարմարավետ ու հարմար կլինի, որ ոչինչ չի փոխվում:

Մեզ բոլորիս ղեկավարում է հինգ շարժիչ ուժ՝ վախ, փող, իշխանություն, ճանաչում և հաճույք:

Վախը շատ հզոր դրդիչ ուժ է, ամենաարդյունավետը չէ, բայց այդուհանդերձ: Սովորաբար վախի միջոցով հասարակության մեջ վերելքներ են արձանագրվում, սակայն վախով երկար ժամանակ չես կարող առաջնորդվել, այդ պատճառով այն մշտական շարժիչ ուժ լինել չի կարող:

Գրքերից մեկը, որն ինձ վրա առավել ուժեղ տպավորություն է թողել, Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» գիրքն է, որն այն մասին է, որ մենք չենք ցանկանում որոշումներ կայացնել: Մենք ցանկանում ենք, որ մեր փոխարեն դա ինչ-որ մեկն անի՝ ծնողները, ղեկավարը, պետությունը, ոստիկանները, որովհետև հետո կարող ենք ասել, որ դա մեր կայացրած որոշումը չէր:

Առաջին հերթին, կարևոր է չվախենալ որոշում կայացնելուց և դրա համար պատասխանատվություն կրելուց: Երկրորդ, մի՛ վախեցեք ցեխն ընկնելուց և որ ավելի սարսափելի է, նորից ոտքի կանգնելուց: Որոշում կայացնելիս դու կարող ես սխալվել, բայց այդ իրավիճակում ոչ ոքի չես կարող մեղադրել, բացի քեզանից: 

Ապագայի մասին

Ինչո՞ւ դուք մաթեմատիկա չեք ուսումնասիրում: Որտեղի՞ց ձեզ այն պատրանքը, որ ձեր հումանիտար գիտելիքները պահանջված կլինեն ինչպես այսօր կամ որ ձեր իրավաբանական, տնտեսագիտական դիպլոմները ինչ-որ մեկին պետք կլինեն: Եթե դուք մտածում եք ապագայի մասին, տեսնում եք, թե ինչպես են զարգանում տեխնոլոգիաները, ուրեմն հիանալի հասկանում եք, որ այն մասնագիտությունները, որոնք այսօր կան, կանհետանան:

Սխալների մասին

Ամենացավոտ սխալն ինքդ քեզ խաբելն է: Երբ դու ասում ես, որ չես անելու այսինչ և այնինչ բանը, իսկ հետո հնարավորություն ես գտնում ինքդ քեզ համոզելու, որ տվյալ իրավիճակում կարող ես բացառություն անել և անում ես: 

Հաջողության գաղտնիքների մասին

Թիվ մեկ կանոնը՝ ինչով էլ զբաղվեք, արե՛ք դա 100%-ով:

Սխալ մարդիկ ավելի վատն են, քան ցանկացած սխալ որոշում:

Դու պետք է հասկանաս՝ ով ես դու, ինչ ես ուզում և ինչպես ես չափում քո հաջողությունը: Հեշտ հարցեր չեն: Ավելի բարդ հարց է. արդյո՞ք պատրաստ ես դրա համար զոհաբերել մնացած ամեն ինչ, որովհետև չեն լինում հաջողակ մարդիկ, որ դրա հետ միասին կյանքում կարող են հավասարակշռություն ունենալ: Նրանք միշտ էլ ստիպված են ինչ-որ բան զոհաբերել:

Երբ դուք հասկանում եք, թե ինչ ուղղությամբ եք շարժվում, հասկանում եք, թե ինչն է ձեզ համար կարևոր և թրենդները, որոնք ձեր շուրջը տեղի են ունենում, կդրդեն ձեզ որոշումներ կայացնել:

Տեսանյութեր

Լրահոս