Բաժիններ՝

«ԵՄ­-ի հետ կայուն համագործակցությունը միտում ունի ապագայում առավել սերտանալու և զարգանալու». Արփինե Հովհաննիսյան

Եվրոպական միության հետ համագործակցության ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային: Փետրվարի 2-­ին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ հիմնանորոգված՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքում ցուցատախտակի բացման արարողության ժամանակ:

Արփինե Հովհաննիսյանը ՀՀ կառավարության և իր անունից խորին շնորհակալություն հայտնեց ԵՄ-­ին սերտ համագործակցության համար և ընդգծեց, որ համատեղ իրականացված ծրագրերը ծավալուն են ու համակարգային:

Նախարարն արձանագրեց, որ Եվրոպական միության հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը հաջողված են, ճիշտ թիրախավորված և նպատակային: «Ուստիև, ականատեսն ենք դառնում թեկուզ դանդաղ, բայց կայուն որակական փոփոխությունների՝ թե արդարադատության համակարգում, և թե մեր քաղաքացիների կյանքում»,-­ ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Եվրոպական միության հետ կայուն համագործակցությունը ապագայում առավել սերտանալու և զարգանալու միտում ունի:

Ցուցատախտակի պաշտոնական բացումից հետո ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եվրոպական կառույցի գործընկերների հետ շրջայց կատարեց դատարանի շենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և պայմաններին:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թվականին:

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում կառուցվել և հիմնանորոգվել է 12 դատարանի շենք, ներդրվել է «Դատալեքս» իրավական տեղեկատվական և որոնողական համակարգը, իսկ 27 դատարաններում տեղադրվել են տեղեկատվական կրպակներ, որոնք թույլ են տալիս մեր քաղաքացիներին առցանց հետևելու իրենց դատական գործի ընթացքին, կարգավիճակին, ստանալու այլ տեղեկատվություն՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության մատչելիությանը և արդյունավետության բարձրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս