Բաժիններ՝

Օգոստոսի նախավերջին կիրակին՝ Խորովածի միջազգային օր

Հայաստանում խոհարարական զբոսաշրջության զարգացման և «Խորովածի միջազգային օրվա» հռչակման մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ ներկայացրեցին  «Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Բարբեքյուի համաշխարհային ասոցիացիայի» համանախագահ Արտեմ Ենգոյանը։

Այս տարի, արդեն 9-րդ անգամ, Ախթալայում կնշվի ավանդական դարձած խորովածի փառատոնը: Փառատոնի կազմակերպիչները որոշել են օգոստոսի նախավերջին կիրակի օրը հայտարարել «Խորովածի միջազգային օր»: Նախաձեռնության նպատակն է՝ ոչ միայն հայկական խոհանոցի հանրահռչակումը, այլև Հայաստանում խոհարարական զբոսաշրջության զարգացումը:

«Մենք, արդեն 9-րդ տարին է, ինչ իրականացնում ենք խորովածի համահայկական տոնը: Տոնի նպատակն առաջին հերթին՝ տարածաշրջանում տուրիզմի զարգացումն է: Անցած տարիները ցույց տվեցին, որ միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների մոտ: Մենք նախաձեռնություն ունենք Ախթալայի քաղաքապետարանի հետ համատեղ հանրահռչակման մի գաղափարի, որը կոչվում է Խորովածի միջազգային օր»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:

Ասուլիսին ներկա բանախոս Արտեմ Ենգոյանը նկատում է՝ տոնը շատ կարևոր է՝ հատկապես զբոսաշրջության այս տեսակին զարկ տալու նպատակով.

«Ես այստեղ ներկայացնում եմ խորովածի միջագային շարժումը, որը սկսվել է 1996 թվականին, այսօր արդեն այս շարժումը միավորում է 35 երկիր, որոնք անմիջապես մասնակցում են դրան: Ես ուրախ կլինեմ, որ այդ շարժումն արմատներ գցի Հայաստանում, քանի որ դա եղբայրության, ընկերության, բարի կրակի սոցիալ հումանիտար շարժում է»:

Տոնի նախաձեռնողները կարծում են՝ այդ օրը հնարավորություն կտա ամբողջ աշխարհում հայկական խորոված, հունական սուվլաքի, վրացական մցվադի, ճապոնական յակիտորի, ռուսական շաշլիկ, բարբեքյու, գրիլ և խորովածի այլ տեսակներ պատրաստողներին մեկտեղելու խորովածի մայրաքաղաք Ախթալայում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում խորովածին վերաբերող տարատեսակ միջոցառումներ, ֆլեշմոբեր կազմակերպելու իրենց երկրներում, քաղաքներում, ռեստորաններում, բակերում, բնության գրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս