«Ոստիկանությունը ոչ մի իրավունք չունի՝ սահմանափակելու անձանց հաշվառվելու իրավունքը». Հովհաննես Քոչարյան

Մենք զինվորների հարցը լուծեցինք, որ շարքով չմտնեն ընտրատեղամասեր, բայց հիմա քաղաքացիներն են շարքով մտնում: Այսօր  «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ ընտրողների ազատ կամքի դրսևորման խոչընդոտ է դա:

Ի պատասխան՝ Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ ծայրահեղության մեջ ընկնել պետք չէ. «Մեր թիրախը քրեորեն արգելված արարքներն են: Երբեք որևէ ընտրողի զոռով, կապելով, կամքին բռնանալով՝ ընտրատեղամաս չեն բերի: Այդպիսի ընտրողները միշտ բողոքավոր են, և առաջին ահազանգը նրանք կտան: Եթե ընտրողը եկել է ընտրատեղամաս՝ շարքով, ապա դա նրա ցանկությունների մեջ տեղավորվել է»:

Դիտարկմանը, թե գուցե ընտրակաշառքով է եկել, նա այսպես արձագանքեց. «Դե՛, ընտրակաշառք վերցնողից էլ ի՞նչ եք ուզում: Ընտրակաշառք վերցնողը, եթե արդեն որպես քաղաքացի՝ վաճառել է իրեն, պարզ է, թե նա ընտրական տեղամասում ինչ վարք է դրսևորելու: Քրեական հանցագործություն կատարող անձանց ամբողջ գործունեությունը երբեք չի կարող Ոստիկանության տոտալ վերահսկողության առարկա լինել, բայց դա չի նշանակում, որ սրանով պետք է բավարարվենք և իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ ոչինչ չանենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև գրանցումների խնդրով. Ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ շատ են լինում դեպքեր, երբ քաղաքացիներն այլ բնակության վայրում են գրանցված, բայց հանկարծ լրիվ այլ բնակության վայրում են գրանցվում, ի՞նչ լիազորություններ ունի Ոստիկանությունը, որ կարողանա ճշտել՝ քաղաքացին ի՞ր կամքով է փոխել գրանցման վայրը: Հարցադրմանն ի պատասխան՝ Հ. Քոչարյանն ասաց, որ իրոք նման երևույթի բախվել է. «Անձնագրային և վիզաների վարչությունում աշխատելու տարիներին ընտրական գործընթացների ժամանակ նկատվում էր նման տեղաշարժ, բայց միանգամից ասեմ, որ Ոստիկանությունը ոչ մի իրավունք չունի՝ սահմանափակելու անձանց հաշվառվելու իրավունքն այս կամ այն վայրում: Եթե անգամ կա գրանցումների ակտիվություն, ապա բացառապես քաղաքացիների իրավունքների իրացման տիրույթի խնդիր է, և մենք ազատ տեղաշարժի իրավունքի որևէ սահմանափակում չենք կարող անել: Կարծում եմ՝ պատճառն ընտրակարգի առանձնահատկությունն է»:

Իսկ հարցին՝ ընտրությունների ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվում են ընտրատեղամասերի մոտ՝ ուղղորդումներ են կատարում, խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, Ոստիկանությունն ի՞նչ իրավասություններ ունի՝ միջամտություն կատարելու, օրինակ՝ երբ ասում ենք՝ այսինչ մարդն այսպիսի գործողություն է կատարում, կամ ասում են՝ չենք տեսել, կամ՝ չգիտենք, նա այսպես պատասխանեց. «Ուղեցույցում նշվել է, որ արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Պարոն Սաքունցն առաջարկեց նաև մարդկանց կուտակումն արգելել: Եթե ոստիկանին որևէ բան են հաղորդում, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե հաղորդվող տեղեկատվությունն ինչ բովանդակություն ունի: Եթե Ոստիկանության ծառայողը հաղորդվող տեղեկատվության մեջ հանցագործության կամ իրավախախտման հատկանիշներ տեսավ, նա պարտավոր է դրանց արձագանքել: Անպայման մեր գործողությունների մասին էլ կգրենք ուղեցույցում: Ցանկացած հաղորդում, որը Ոստիկանության ծառայողին կներկայացվի, ստուգվելու է»:

Տեսանյութեր

Լրահոս