Բաժիններ՝

ԵՄ-ից հայրենիք վերադարձած միգրանտներն անհրաժեշտության դեպքում կստանան բժշկական ծառայություններ, կարիքի դեպքում՝ նաև կացարան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» նոր ծրագրի մեկնարկի արարողությունը, որը ԵՄ երկրներից ՀՀ վերադարձող միգրանտների համար մի շարք հնարավորություններ է նախատեսում:

Ըստ ծրագրի՝ ԵՄ-ից կամավոր կամ հարկադրված հայրենիք վերադարձած միգրանտները կարող են անցնել մասնագիտացված դասընթացներ, անհրաժեշտության դեպքում՝ ստանալ բժշկական ծառայություններ, կարիքի դեպքում՝ նաև կացարան: Նրանց համար նախատեսվում է նաև որոշակի բիզնես-ծրագրերի ֆինանսավորում:

Հանդիպման մեկնարկին ՀՀ-ում ֆրանսիայի հյուպատոս Ռուդոլֆ Կուրպիե-Ռոլեն ներկայացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Դեսպանատունն արդեն մի քանի տարի առաջատար դեր է խաղում միգրացիոն հոսքերի կառավարման գործում: Սա է պատճառը, որ դեսպանատունն իր հարկի տակ է հյուրընկալել «Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի» ներկայացուցիչներին, որը հանդիսանում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը կից պետական հաստատություն: Կազմակերպությունը սերտ համագործակցության մեջ է դեսպանատան բոլոր ծառայությունների հետ՝ վարելով համաձայնեցված և հաստատական քաղաքականություն՝ միգրացիոն ոլորտում»:

Հանդիպմանը ներկա Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ նշեց. «Չափազանացրած չեմ լինի, եթե ասեմ, որ բնակչության տեղաշարժերի առումով եվրոպական որևէ երկրի հետ չունենք այնպիսի խորն ու արդյունավետ գործընկերություն, ինչպես Ֆրանսիայի, որի հետ գործակցության օրակարգ ունենք, որի շրջանակում էլ իրականացվում են մի շարք ծրագրեր: Միգրացիայի բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը հիմնադրվել է դեռևս տասը տարի առաջ, երբ սկսեցինք համագործակցել «Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի» հետ: 2011 թ. Լյուքսեմբուրգում ԵՄ և տասը անդամ երկրների հետ ստորագրվեց համատեղ հռչակագիր՝ ստեղծելով ԵՄ և հատկապես Ֆրանսիայի հետ միգրացիոն հարցերով համագործակցության առավել լայն հնարավորություններ»:

Տեղեկացնենք, որ «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագրի բյուջեն կազմում է մոտ 493.000 հազար եվրո և ֆինանսավորվել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության հնարավորություն /Mobility partnership facility/ նախաձեռնության շրջանակներում: Այն մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին 5-ին: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 11 ամիս՝ «Ֆրանսիայի Միգրացիայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչության կողմից: Գործողությունների շրջանակը ներառում է՝ վերադարձող միգրանտների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման խնդիրներին առնչվող համապատասխան իշխանությունների կարողությունների հզորացում, աջակցություն վերադարձող միգրանտների սոցիալական և տնտեսական վերաինտեգրմանը, օրինական և անկանոն միգրացիայի վերաբերյալ իրազեկման արշավ:

Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի շրջանակներում ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայությունում ստեղծված Վերաինտեգրման և ուղղորդման կենտրոնը նույնպես շարունակելու է իր գործունեությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս