
Մարկոսը նորամուտը նշեց «Քսանթիի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին իր նորամուտն է նշել հունական «Քսանթիի» կազմում: Հունաստանի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Քսանթին» մրցակցի դաշտում մրցեց «ՕՖԻ»-ի հետ,պարտվեց 2:1 հաշվով, սակայն երկու խաղի արդյունքով դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում «Քսանթին» սեփական հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով:
Մարկոսը «Քսանթի»ի կազմում փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսում՝ 67-րդ րոպեին: Մինչ Մարկոսի խաղադաշտ դուրս գալը «ՕՖԻ»-ն հաղթում էր 2:0 հաշվով, սակայն 76-րդ րոպեին Ադրիան Օսկար Լուսերոն կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը, ինչը որոշիչ է եղել դիմայակության ելքի հարցում:
Քառորդ եզրափակչում «Քսանթին» հանդիպելու է ՊԱՕԿ/«Սալոնիկի» զույգի հաղթողի հետ: Պիզելին նախորդ շաբաթ «Քսանթի» է տեղափոխվել ԱՄԷ-ի «Ալ Ֆուջեյրա»-ից: