
«Մոտ ապագայում կհայտարարենք, որ եզրափակում ենք ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացը». Էդվարդ Նալբանդյան

«Փետրվարին կկայանա ՀՀ-ԵՄ բանակցությունների տասներորդ փուլը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկություն փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ բանակցություններից:
Նալբանդյանը հիշեցրեց, որ հայկական կողմը ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները մեկնարկեց 2015թ. դեկտեմբեր ամսին: Ըստ նախարարի, կայացել է բանակցային ինը փուլ, հաջորդ` 10-րդ փուլը նախատեսվում է փետրվար ամսին:
«Կարծում եմ` մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին, համարյա թե, համաձայնեցված է այն դրույթների, սկզբունքների ջախջախիչ մեծամասնությունը, որոնք ընդգրկված են համաձայնագրում քաղաքական և տնտեսական մասով: Մոտակա օրերս ԵՄ-ից ՀՀ-ն սպասում է լուրջ պատվիրակություն, բանակցողները ևս կլինեն պատվիրակության կազմում, այցը հնարավորություն կտա որոշ ճշգրտումներ անել: Մոտ ապագայում հնարավորություն կունենանք հայտարարել, որ եզրափակում ենք բանակցային գործընթացը»,- տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարը: