Բաժիններ՝

Դիմորդները շարունակում են ընտրել աշխատաշուկայում քիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններ

Դիմորդները շարունակում են ընտրել մասնագիտություններ, որոնց պահանջարկը աշխատաշուկայում քիչ է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը նշեց, որ սովորողներն առավել մեծ թիվ են կազմում սպասարկում, արվեստ և դիզայն, տրանսպորտային միջոցներ, շինարարություն և կենցաղային տնտեսություն մասնագիտությունների գծով:

«Մեր կողմից գործատուների շրջանում իրականցված հետազոտությունը ցույց է տալիս, որ գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի մեջ առավել մեծ թիվ են կազմում որակավորված բանվորներ, գյուղատնտեսական աշխատողներ, մեխանիզատորներ: Առաջիկա տարիներին էլ առավել պահանջված աշխատատեղեր գործատուները նշել են գյուղատնտեսական աշխատողների, մեխանիզատորների, վարորդների գծով: Ակնհայտ է, որ առկա է որոշակի խզվածություն պահանջարկի և առաջարկի միջև, ինչը կառուցվածքային գործազրկության կարևոր պատճառներից է»,-ասաց Արման Սարգսյանը: Նրա խոսքով, ի տարբերությ ուն միջին մասնագիտական հաստատությունների, բուհական հաստատություններում այդ խզումը քիչ է, այստեղ առաջարկի և պահանջարկի որոշակի համապատասխանություն կա:

Այն, որ որոշ դեպքերում աշխատաշուկայի և կրթական հաստատությունների միջև կա պահանջարկի ու առաջարկի խզվածություն, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը կարծում է, որ այդ խնդիրը համակարգային է:

«Մենք այս խնդրի լուծումը համարում ենք մասնագիտական կողմնորոշման և կարիերայի համակարգի ներդրումը: Արդյունքում տրամադրվելու են ծառայություններ, որոնք անհրաժեշտ են անձին անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից: Համապատասխան դասընթացների արդյունքում դպրոցականը կհասկանա, թե ինչ մասնագիտություն ընտրի, որ ապագան լինի կայուն, գումար վաստակի»,-ասաց Հայկուհի Գևորգյանը: Նա նկատեց, որ եթե համակարգը ներդրվի, ապա դա կենթադրի բոլոր օղակներում պարտադիր ծառայություն` հանրակրթություն, կարիերայի կենտրոններ, զբաղվածության կենտրոն և այլն:

Այն, որ մասնագիտական կողմնորոշման դասընթացներն իրենց արդյունքներն են տալիս, վկայում են հետազոտության արդյունքները: Դասընթացներին մասնակցած աշակերտներն ավելի ինքնորոշված են, մասնագիտություն ընտրելու հարցում նրանց պատկերացումները հստակ են: Հարցվածների 31.1 տոկոսը հստակ գիտի, թե ինչ մասնագիտություն է նախընտրում, այնինչ դասընթացներին չմասնակցածների ընդամենը 14 տոկոսը նախընտրած մասնագիտություն ունի: Կրթություն շարունակել ցանկացողները դասընթացներին մասնակցածների 9.2 տոկոսն են, իսկ չմասնակցածների շրջանում ընդամենը 1.8 տոկոսն է նշել, որ ցանկանում է կրթությունը շարունակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս