ՀՀ բանկերի ավանդային պորտֆելը 2016-ին լուրջ աճ է ունեցել
Հայաստանի Հանրապետության 17 առևտրային բանկերի հաճախորդների ավանդների ու հաշիվների ծավալը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 290.5 մլրդ դրամ։ Այս թիվը ստացվել է բանկերի եռամսյակային հաշվետվությունների տվյալներից։
2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ նույն 17 բանկերի ավանդների ու հաշիվների ծավալը 1 տրիլիոն 787.8 մլրդ դրամ էր։ Նշենք, որ համեմատությունը անցկացված է չճշտված (աուդիտ չանցած) եռամսյակային հաշվետվությունների հիման վրա։
Բանկերի տարեկան հաշվետվությունները կհրապարակվեն ավելի ուշ, և դրանց տվյալներն ավելի ճշգրիտ կլինեն, սակայն չճշտված (աուդիտ չանցած) եռամսյակային հաշվետվությունների հիման վրա ներկայացված այս տվյալները ցույց են տալիս, որ ավանդների և հաշիվների ծավալը 1 տարվա կտրվածքով աճել է 508.7 մլրդ դրամով կամ 28.6%-ով։
Ամենամեծ ավանդային պորտֆելը 2016-ի վերջի դրությամբ ունեցել է Ամերիաբանկը՝ 414.6 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում Հայբիզնեսբանկն է՝ 261.3 մլրդ դրամ, երրորդում՝ Արդշինբանկը՝ 250.8 մլրդ դրամ։