
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությանը

ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը հունվարի 28-ին ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում ամերիկյան պատվիրակությունը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի ստեղծման 25 ամյակի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և նոր ձեռքբերումներ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը բարձր են գնահատում համագործակցություն ԱՄՆ և մասնավորապես Կանզասի ազգային գվարդիայի հետ, որը սկիզբ է առել 15 տարի առաջ և այս ողջ ընթացքում կայուն զարգացում է ապրել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ծրագրերը, մասնավորապես` արհեստավարժ սերժանտների պատրաստության, ռազմաբժկական և ինժեներական կարողությունների զարգացման ուղղությամբ: