
Ըմբիշներ Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը հաղթել են Փարիզի մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյանը և Կարապետ Չալյանը հաղթել են Փարիզի միջազգային մրցաշարում: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Մաքսիմ Մանուկյանը առաջին գոտեմարտում հաղթել է լեհ Թադեուշ Միչալիկին 8:0 հաշվով, այնուհետև ղազախ Ազամատ Կուստաբաևին` 7:0, իսկ եզրափակչում Մանուկյանը 4:2 հաշվով առավելության Հունգարիան ներկայացնող Էրիկ Սզիլվասին և դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարապետ Չալյանը մեկնարկում գերազանցեց Տերո Հալմեսմակիին 10:1 հաշվով, հայ ըմբիշ հաղթեց նաև իտալացի Չիրո Ռուսոյին 4:0 հաշվով, կիսաեզրափակչում Չալյանը 4:3 հաշվով պարտության մատնեց հունգար Լևաի Զոլտանին, իսկ ոսկե մեդալի համար գոտեմարտում Չալյանը հաղթեց լեհ Արկադիուշ Կուլինզին:
Փարիզի մրցաշարին մասնակցում են Արթուր Ալեքսանյանը, Գևորգ Ղարիբյանը, Կարեն Ասլանյանը, Ռաֆայել Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Մաքսիմ Մանուկյանը: Թիմը կգլխավորի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Փարիզի մրցաշարը մեկնարկել է հունվարի 27-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: