«Սեյրան Օհանյանի գործողությունները վտանգավոր են». Վիտալի Բալասանյան
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ մտահոգվելու ոչինչ չունենք. նա համոզված է, որ ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված բոլոր խնդիրները կարող են կատարել. «Երբ խոսում ենք Ադրբեջանի զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի մասին, դրանք բոլորը հեքիաթներ են, ես այդ հեքիաթներին չեմ հավատում: Չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց համոզված եմ, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կկատարեն»:
Ինչ վերաբերում է հողերը հանձնելու մասին տարբեր հայտարարություններին, ապա Վ. Բալասանյանն ասաց, որ չի ցանկանում լսել այն մարդկանց, որոնք քաղաքական դիվիդենտներ են հավաքում Ղարաբաղի հարցում: «Խորհուրդ կտայի ընդհանրապես չլսել և չկարդալ նման քաղաքական գործիչների հայտարարությունները»,- ասաց նա՝ նկատի ունենալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:
Նա անդրադարձ կատարեց նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վարքին՝ նշելով, որ այն մեծ վտանգ է ներկայացնում։
«Սեյրան Օհանյանի այս գործողությունները ես գնահատում եմ շատ վտանգավոր, որովհետև ցանկացած մարդ, մանավանդ՝ ուժային կառույցի ղեկավար, իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերելու՝ թե՛ բարոյական, թե՛ պաշտոնեական, թե՛ զուտ որպես անձ, թե՛ որպես պատերազմական գործողություններով անցած մարդ»,- հայտարարեց Բալասանյանը: