Բաժիններ՝

«Ռուսաստանից կախվածությունը մի օր մեզ կոչնչացնի». Թաթուլ Մանասերյան

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ մինչև գիտության ոլորտում լուրջ փոփոխություններ չլինեն, ապա տնտեսության մեջ զարգացում չենք ունենա. «Մինչև այն պահը, որ ես չտեսնեմ լուրջ փոփոխություններ գիտության ոլորտում, տնտեսության զարգացման մասին խոսելն ավելորդ է: Մեր ակնառու մրցակցային առավելությունը գիտությունն է, մնացածը պոտենցիալ է, ուրիշ բան չունենք: Բացարձակ մրցունակությունը մտավոր կարողությունն է: Մինչև չմաքրվի համակարգը, մինչև շնորհալիները տեղ չգտնեն գիտության ոլորտում, տնտեսական զարգացում չենք ունենա: Տարիքը կապ չունի. ե՞րբ պետք է մենք ազատվենք գլուխ պահողներից: Եթե մենք երիտասարդին հնարավորություն չտվեցինք, մնացածին չեմ հավատում»:

Նրա խոսքով՝ կարելի է գիտությանը հատկացվող սահմանափակ ֆինանսներն անգամ շատ արդյունավետ օգտագործել, ոչ թե մսխել:

Տնտեսագետն անդրադարձավ նաև Սյունիքի մարզում հիմնվող ազատ տնտեսական գոտուն, և նշեց, որ առհասարակ ազատ տնտեսական գոտիները պետք է իրենց նպատակին ծառայեն, ինչն ըստ նրա՝ չի կատարվում. «Այսօր սահմանամերձ համայնքներում ստեղծված են ազատ գոտիներ, որոնք զրոյական օգուտ ունեն: Ես կարծում եմ, որ Իրանի հետ մենք պարտավոր ենք ունենալ ազատ տնտեսական գոտի մի քանի պատճառներով՝ նախ՝ շրջափակումից դուրս գալու, աշխարհի հետ հարաբերվելու և, բացի դրանից, ինչքան մենք Իրանի կարիքն ունենք, նույնքան էլ Իրանն ունի մեր կարիքը, օրինակ՝ IT ոլորտում»:

Թ. Մանասերյանն ընդգծեց՝ ներդրումային միջավայրը պետք է նախ՝ տեղացիների համար գրավիչ լինի, նոր մյուսներին փորձենք ներգրավել. «Պորտֆելային ներդրումներ ինչո՞ւ չկան Հայաստանում, ինչո՞ւ դա կայացած չէ, ի՞նչն է մեզ խանգարում: Մենք ֆիքսվել ենք միայն ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի վրա, այս կախվածությունը մի օր մեզ կոչնչացնի: Ե՞րբ պիտի այնպես անենք, որ չինացու համար էլ գրավիչ լինի Հայաստանում ներդրում անելը»:

Կարդացեք նաև

Պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանը, ըստ նրա՝ պետք է ռազմական արդյունաբերությանը մեծ ուշադրություն դարձնի. «Նոր գաղափար չէ, որ ռազմաարդյունաբերական համալիրը պետք է դառնա շոգեքարշ, այլ ոչ թե բեռ տնտեսության համար: Տնտեսությունը պետք է միակողմանի ձև անի, որ չի՞ տեսնում, թե պատերազմի մեջ ենք, թե՞ պետք է դրանով առաջ տանի տնտեսությունը: Իսրայելի օրինակ կա. մի կողմ թողնենք, որ ԱՄՆ-ը այնտեղ ներդրումներ է կատարում: Իսրայելն ունի կազմակերպչական մեծ պոտենցիալ և կարողանում է հսկայական արտահանումներ կազմակերպել: Այսինքն՝ Հայաստանը պարտավոր է մտածել նման մոդելի մասին, պատերազմի տնտեսագիտությունը շատ կարևոր է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս