«Քարոզարշավին մասնակցելու եմ այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի». Վիգեն Սարգսյան
«Այո՛, նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ և քարոզարշավին մասնակցելու եմ այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի: Մենք շատ ինտենսիվ քննարկումների փուլում ենք, և վստահեցնում եմ ձեզ միայն մի բանում՝ անելու եմ այնպես, որպեզի օրենքի ո՛չ տառը, ո՛չ ոգին չխախտվի քարոզարշավին իմ մանակցության արդյունքում:
Այսինքն՝ եթե դա շատ ինտեսնիվ մասնակցություն լինի, կգտնեմ ձևը՝ ազատելու այս գործառույթը իմ աշխատանքային ժամերից կամ աշխատանքային պարտականություններից »,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ հենց ինքն է գլխվորելու ՀՀԿ համամասնական ցուցակը, Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել՝ ցուցակը հրապարակելու առումով: Իհարկե, կլինի պահը, և Հանրապետական կուսակցությունը կհրապարակի իր ցուցակը: Կարծում եմ՝ այդտեղ որևէ մեծ ինտրիգ չկա այս պահին»:
Հարցին՝ արդյոք, նպատակ, ցանկություն ունի՞ 2018թ. հետո գլխավորել կառավարությունը կամ կուսակցության նախընտրական շտաբը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ պաշտպանության նախարարի աշխատանքը երկրում ամենահետաքրքիր, պատասխանատու և կարևոր աշխատանքներց մեկն է համարում.
«Ես չեմ համարում, որ որևէ աշխատանք պետք է համադրել այլ աշխատանքի հետ իր ցանկալիության և այլնի առումով: Բայց ես ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններում մենք կարողանանք այնպիսի արդյունք ապահովել, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին շարունակել աշխատել պաշտպանության նախարար, որովհետև ես այստեղ տեսնում եմ շատ մեծ անելիքներ, ես, իրոք, մեծ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ՝ իրականացնել այդ անելիքները, և կարծում եմ, որ մեր երկրի համար այս գործառույթն այն կարևորության է, որ անհամադրելի է որևէ այլ բանի հետ:
Իհարկե, հասկանալի է, որ երկրի վարչապետը շատ ավելի մեծ պատասխանատվություն կրող քաղաքական պաշտոն է և հսկայական ոլորտի համար է պատասխանատու, այդ թվում` պաշտպանության: Բայց իմ խորը համոզմամբ, այսօր այստեղ պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք, և չի կարելի այս աշխատանքից արագ տեղափոխելու պլաններ կառուցել:
Դա ազնիվ չի լինի համակարգի նկատմամբ: Ընտրությունների արդյունքներն, իհարկե, ցույց կտան: Եթե ընտրությունների արդյունքները լինեն այնպիսին, ինչպես մենք պլանավորում ենք, ես հույս ունեմ, որ հանրապետության նախագահն ինձ թույլ կտա շարունակելու այստեղ կատարել իմ գործառույթները»: