
«Անհանգստությունը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը». գիտնականներ

Բրիտանացի գիտնականներն այն կարծիքին են, որ անհանգստության զգացողությունը եւ ընկճախտը կարող են մեծացնել քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը, տեղեկացնում է BBC-ն:
Գիտնականներն Անգլիայում եւ Ուելսում ուսումնասիրել են ավելի քան 160 հազար մարդկանց առողջական վիճակը, որոնք սկզբնապես բացարձակ առողջ են եղել: Հետազոտության ավարտին գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն մարդկանց մոտ, որոնք հակված են եղել տագնապալի ու ճնշված վիճակի, մեկ երրորդով ավելացել է քաղցկեղային տարբեր հիվանդություններից, մասնավորապես, աղիների, շագանակագեղձի, կերակրափողի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահանալու վտանգը:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում. միեւնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, որ ավելի ստույգ պատճառահետեւանքային կապի հաստատման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ուռուցքային հիվանդությունները հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառներից մեկն են ամբողջ աշխարհում:
Քաղցկեղով հիվանդանալու նոր դեպքերի ավելի քան 60 տոկոսը գրանցված է Աֆրիկայի, Ասիայի եւ Կենտրոնական ու Հարավային Ամերիկայի երկրներում: