
«ՀՀԿ-ում կատարվող փոփոխություններն իրավիճակը որոշ չափով փոխում են»

ՀՀԿ-ում կատարվող փոփոխություններն իրավիճակը որոշ չափով փոխում են: Դրանք սկսվեցին այն պահից, երբ որոշում ընդունվեց իշխանության ներսում վերադասավորումների գործընթաց սկսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով` այդ ամենը փաստացի սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի իշխանություն՝ սկզբում գործադիր, հետագայում նաև փաստացի քաղաքական դաշտ մուտք գործելով:
«Մասնավորապես, ՀՀԿ նրա մուտքը ազդանշան էր, որ որոշակի նոր քաղաքական թիմ է սկզբնավորվում նաև իշխանության մեջ: Նախընտրական շրջանում շատ հետաքրքիր են այն քաղաքական վերադասավորումները, որոնք սպասվում են կամ ընթանում են իշխանության ներսում»,- ասաց նա:
Քաղտեխնոլոգը նաև հետաքրքիր համարեց այն, որ շատ քաղաքական դեմքեր մի օրվա ընթացքում հայտնվում են ոչ իշխանական դաշտում և նույնիսկ դիրքավորում են ընդդիմության հետ: Հակոբյանի կարծիքով` ներքաղաքական դաշտում տեղի ունեցող դասավորությունները լուրջ պայմանավորվածությունների արդյունք են, որոնք տեղի են ունեցել այն պահին, երբ նախապատրաստվում էր Կարեն Կարապետյանի մուտքը Հայաստանի իշխանական և քաղաքական դաշտ: