«Թուրքիայի քաղաքականությունն անհանգստացնում է ԵՄ-ին». Արմեն Աշոտյան

Թուրքական ներկայիս ղեկավարության կողմից տարվող տարածաշրջանային և ներքին քաղաքականությունն անհանգստություն է պատճառում Եվրոպական Միությանը, սակայն եվրոպական լիարժեք արձագանքի փաթեթը դեռ մշակված չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի այս տարվա անդրանիկ նիստի արդյունքները: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը այս համատեքստում մնում է տարածաշրջանի ամենականխատեսելի և հուսալի գործընկերներից մեկը:  Եվրոպայում Հայաստանից ակնկալում են որակյալ, ժողովրդավարական և ազատ ընտրությունների անցկացում:

Աշոտյանը նաև հայտնել է, որ ԵԺԿ փոխնախագահ Անտոնիո Տայանին Եվրախորհրդարանի խոսնակ է ընտվել: Այսպիսով ԵԺԿ-ն ստանձնում է  հիմնական քաղաքական պատասխանատվությունը ԵՄ-ում՝ ղեկավարելով Եվրոպական խորհուրդը (Դոնալդ Թուսկ), Եվրահանձնաժողովը (Ժան Կլոդ Յունկեր) և Եվրոպական խորհրդարանը:

ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ եվրոպական քաղաքականությունը թևակոխում է բազմաթիվ անորոշությունների փուլ: Հատկապես, ԱՄՆ նոր վարչակազմի պարագայում:

Նա նկատում է, որ եվրոպական վերնախավում դեռ ուժեղ են հակառուսական տրամադրությունները, սակայն այս հարցում նույնպես որոշակի տեղաշարժեր կարելի է կանխատեսել: Աշոտյանի գնահատմամբ` այս տարի եվրոպական քաղաքական դաշտի ապագան մեծապես կախված է լինելու երկու առաջատար պետություններում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում սպասվելիք ընտրությունների արդյունքից:

Եվրոպական ոչ ավանդական քաղաքական ուժերը՝ ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը, շարունակում են քաղաքական կշիռ ունենալ, հատկապես միգրանտների և սոցիալ-տնտեսական առկա խնդիրների ֆոնին:

Արմեն Աշոտյանը նաև նկատում է, որ Արևելյան գործընկերության ասոցիացված երկրներում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ: Ուկրաինական ճգնաժամը, մոլդովական ընտրություններին սոցիալիստների հաղթանակը և սպառնացող արտահերթ ընտրությունները, Վրաստանում Սահակաշվիլիի կուսակցության տրոհումը դժվարացնում են եվրոպական քաղաքական վեկտորի լիարժեք իրագործումը այդ երկրներում:

Տեսանյութեր

Լրահոս