«Հիմնական ինտրիգները լինելու են Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի շուրջ»

Իշխանությունը ձգտելու է, որ ոչ իշխանական խորհրդարանական սեգմենտում տեղավորվեն բոլոր այն հանրային և քաղաքական դեմքերը, որոնք հայտնի են և ավելի պիտանի կլինեն խորհրդարանում, քան խորհրդարանից դուրս անվերահսկելի վիճակում` հրապարակներում: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա կանխատեսմամբ` 5-6 քաղաքական ուժ կարող է մտնել խորհրդարան, եթե դաշինքների միջև միավորում չլինի, իսկ դա պարզ կլինի փետրվարի 6-ից հետո:

«ՀՀԿ-ն, բնականաբար, ձգտելու է կայուն մեծամասնություն ձևավորել, որը պետք է լինի 54 տոկոս: Չեմ բացառում, որ իշխանությունը, չկարողանալով լուծել կայուն մեծամասնության խնդիրը, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմի, բայց եթե դա էլ չբավարարի, այդ դեպքում, կարծում եմ, մանեւրելու հնարավորություն է ստեղծվում այլ քաղաքական միավորումների հետ համագործակցության առումով»,- ասաց նա` հավելելով, որ Կարեն Կարապետյանը համարվելու է այն շոգեքարշը, որ առաջ է տանելու ՀՀԿ-ին:

Վիգեն Հակոբյանի կարծիքով` հիմնական ինտրիգները լինելու են Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս