Հայաստանը Ռուսաստանից խոշոր ներդրումներ է ակնկալում
Հայաստանում առնվազն 300 մլն դոլարի ռուսական ներդրումների իրականացումն իրատեսական է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Ըստ նրա՝ հիմնականում հետաքրքրվածություն կա վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և հանքարդյունաբերության ոլորտներում:
«Հանձնարարություն կա մեր նախարարությանը՝ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է լինելու՝ ֆինանսավորել և ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կնպաստեն երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, ներմուծման փոխարինմանը, այդ թվում՝ արտահանման աճին»,- ասաց նախարարը:
Ս.Կարայանը հավաստիացրեց, թե ՀՀ-ն բոլոր երկրների հետ է աշխատում ներդրումների ներգրավելու ուղղությամբ. «Ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում բոլոր երկրների, այդ թվում՝ ԵՄ երկրների, Իրանի և այլ ուղղություններով»։
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ նախարարը նշեց, որ դրանք մի քիչ զսպող դեր կունենան ներդրումների համար, սակայն իրենց աշխատանքներն արդյունք կտան, և այսօրվա դրությամբ արդեն իսկ ակնկալվում է 500 մլն դոլարի ներդրումներ։
Մանրամասները՝ տեսանյութում: