Թուրքիայում ձերբակալվել է հայերի բարեկամ, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի դատարանում ձերբակալվել է Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Օսման Բայդեմիրը, որը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորն էր։
Համաձայն թուրքական Cumhuriyet թերթի տեղեկությունների՝ Դիարբեքիրի դատարանում Բայդեմիրը մասնակցել է «Քուրդիստանի համայնքների միություն» գործով դատական գործընթացին, որի ժամանակ էլ նրան ձերբակալել են։
Օսման Բայդեմիրը հայերի բարեկամն է։ Նա, լինելով Դիարբեքիրի քաղաքապետ, ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար։
Նա նախաձեռնել ու ակտիվորեն նպաստում էր Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Նրա անձնական նախաձեռնությամբ էր քաղաքի մուտքի մոտ տեղադրվել հայերեն գրությամբ ցուցանակ.
«Բարի գալուստ հայրենի քաղաք»։
Բայդեմիրի քաղաքականությունը դուր չէր գալիս թուրքական իշխանություններին։ Հարաբերությունները վերջնականապես վատացան, երբ նա կոչ արեց Անկարային ընդունել Հայոց ցեղասպանությունը և «խիղճը մաքերել ծանր մեղքից»։
Չնայած սկսված տհաճություններին՝ Օսման Բայդեմիրը հետևողական էր իր գործողություններում։ Նա կոչ էր անում հայերին վերադառնալ հայրենի հողեր, իսկ Դիարբեքիր վերադառնալու դեպքում կոչ էր անում անձամբ նպաստել տեղի համայնքում ադապտացմանն ու ինտեգրմանը։
Նա, հակառակվելով Թուրքիայի իշխանություններին, եկել է Հայաստան՝ ապրիլին մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը։ Նա այցելել էր Ծիծեռնակաբերդ և ներողություն խնդրել հայերից կատարվածի համար։