«Շատ դժվար է եղել այս որոշումը կայացնելը». Ռոման Ամոյանն ավարտում է սպորտային կարիերան
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ավարտում է սպորտային կարիերան:
«Շատ դժվար է եղել այս որոշումը կայացնելը, շատ եմ մտածել այդ ուղղությամբ, բայց ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում մի օր լինում է այն պահը, որ պետք է թողնես մեծ սպորտը: Ինձ մոտ էլ եկավ այն պահը, որ պետք է թողնեմ մեծ սպորտը: Լինում են ժամանակներ, երբ զգում ես, որ օրգանիզմդ չի ենթարկվում քեզ, միշտ հաղթանակով ես վերադարձել և տեսնում ես, որ հիմա դժվար է այդ հաղթանակները կերտելը, նույն եռանդով մարզվելը, և որոշեցի՝ ճիշտ ժամանակն է՝ թողնել մեծ սպորտը»,- իր որոշումն այսպես բացատրեց հունահռոմեական ոճի ըմբիշը:
Նրա խոսքով՝ բոլորը շատ են տխրել, որ այլևս չի մասնակցելու միջազգային կարգի մրցաշարերին, բայց ըստ նրա՝ չես կարող չեմպիոնական տիտղոսը միշտ պահել. «Ամենադժվարը տարել են ընտանիքիս անդամներն ու մարզիչներս, որոնք չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ես թողնում եմ մեծ սպորտը»:
Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, Ռ. Ամոյանն ասաց, որ ուզում է իր ժամանակը տրամադրել ընտանիքին, երեխաներին. «Պրոֆեսիոնալ սպորտի մեջ էի և չէի կարողանում այդ ժամանակը տրամադրել ընտանիքիս, երեխաներիս, և հիմա նրանց հետ եմ անցկացնում ժամանակս: Ճիշտն ասած՝ հետագա քայլերս դեռ չեմ որոշել: Ամբողջ կյանքս նվիրել եմ այս սպորտաձևին և դժվար թե այս սպորտաձևից հեռու լինեմ, քանի որ ունեմ եղբորորդի, որը Եվրոպայի պատանիների չեմպիոն է, և Ամոյան ազգանունն այս սպորտաձևում դժվար թե չլինի: Իմ խորհուրդներով, անցած ճանապարհով փորձում եմ օգտակար լինել եղբորս որդուն»:
Հարցին՝ կա՞ ինչ-որ բան իր կարիերայում, որ չի հասցրել անել, նա պատասխանեց, որ ցանկացել է դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել. «Բայց ուրախ եմ, որ կարողացել եմ շատ մեդալներ նվաճել մեր երկրի համար ու տարբեր երկրներում ծածանել մեր եռագույնը»:
Ըմբիշը հիշեց նաև իր ամենատպավորիչ հաղթանակն ու ամենացավալի պարտությունը. «Ամենատպավորիչ գոտեմարտս ադրբեջանցի ըմբիշ Բայրամովի հետ մարտն էր, երբ օլիմպիական խաղերում պարտվեցի նրան, բայց հաջորդ տարի՝ 2008թ., Չինաստանում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ ես հաղթեցի նրան ու ապացուցեցի, որ այդ հաղթանակն ուղղակի իրեն նվիրել էին, իր նվաճածը չի եղել»: