Կրեմլը կոչ է արել ԱՄՆ-ին հաշվի առնել Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հետևանքները
Կրեմլը կոչ է անում ԱՄՆ-ին հաշվարկել Սիրիայում փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծման հնարավոր հետևանքները, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատթարանա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարևոր է, որպեսզի դա չվատթարացնի փախստականների հետ կապված իրավիճակը։ Հետևաբար, պետք է հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները»,- ասել է նա։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ խորհրդակցել է մինչ նման որոշում կայացնելը, Պեսկովը տվել է բացասական պատասխան։ «Ռուսական կողմի հետ ամերիկյան գործընկերները չեն խորհրդակցել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման մասին։
«Ես հաստատ կստեղծեմ անվտանգության գոտիներ սիրիացի ժողովրդի համար»,- հայտարարել է նա ABC News-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ «Եվրոպան մեծ սխալ է թույլ տվել»՝ թույլատրելով միլիոնավոր փախստականների ապաստանել Գերմանիայում և մայրցամաքի այլ երկրներում։
Հրամանի նախագիծը դեռ ստորագրված չէ, դեռ հայտնի չէ, թե ինչ տեսք են ունենալու այդ գոտիները։ Դրանում նշված է, որ հակամարտությունից տուժած սիրիացիները հնարավորություն են ունենալու հանգիստ միջավայրում սպասել հակամարտության կարգավորմանը։
Անվտանգության գոտիների ստեղծման պլանը պետք է նախապատրաստվի 90 օրվա ընթացքում՝ հրամանն ստորագրելու օրվանից սկսած։