Բանակից՝ ՏՏ ոլորտ. Արման Խաչատրյանի հաջողության պատմությունը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը շարունակում է իրականացնել ապրիլյան մարտերից հետո նախաձեռնված «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը:
Ծրագրին զուգահեռ՝ բանակում հաջողություններ են գրանցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շրջանավարտները:
Արման Խաչատրյանը, ով ծառայում է Արցախի հյուսիսային շրջանում գտնվող N զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում, ևս «Արմաթ» լաբորատորիայի սան է:
Արման Խաչատրյանը 2014-ից ակտիվ մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություների միության (ԻՏՁՄ) Վեդիում գործող Ռոբոտաշինության խմբակի աշխատանքներին և աչքի է ընկել իր նորարարական և նախաձեռնողական գաղափարներով, խնդիրների լուծման արագ կողմնորոշվելու ունակությամբ: 2014-ին «ԴիջիԹեք» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարվեց Վեդիի ռոբոտաշինության խմբակի սաների կողմից պատրաստված Ժոժո ռոբոտի կողմից. Ժոժոն կտրեց ցուցահանդեսի կարմիր ժապավենը: Կարճ ժամանակ անց խմբակի տղաները ժապավեն կտրող ռոբոտը վերածեցին տոնածառ զարդարող ռոբոտի:
2015-ին «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսին Արմանն ու խմբակի մյուս սաները ներկայացրեցին իրենց ստեղծած ԲՕՌ (բանակին օգնական ռոբոտ) ռոբոտը: Արմանը մասնակցել է նաև «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարին և մի շարք այլ միջոցառումների:
2015 թվականին նա բարձր գնահատականներով ընդունվել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի Բիզնես և կառավարում բաժին, իսկ 2016թ. հունվարին զորակոչվել է ՀՀ բանակ ու ծառայության անցել Արցախի հյուսիսային շրջանում գտնվող N զորամասում:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում Արմանի ցուցաբերած ինժեներատեխնիկական հմտությունների համար նրան տեղափոխել են ծառայելու նույն զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում՝ որպես օպերատոր: Այժմ նրան վստահված է մի քանի հրաձգարանների տեխնիկական և ռադիոէլեկտրոնային սպասարկումը: Հրամանատարների հավաստմամբ՝ ծառայությունը կատարվում է զինվորական պատշաճ պատասխանատվությամբ:
Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են ՀՀ-ի և Արցախի 194 դպրոցներում: «Արմաթում» սովորում են արդեն շուրջ 5000 դպրոցականներ: 2016-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն արժանացել են 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):
Սիրարփի Աղաբաբյան