«Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ». Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը էներգետիկ ոլորտը համարում է Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը: Նախագահի խոսքով` էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարության առումով հատկապես կարևոր է վերականգնվող էներգետիկայի զարգացումը` արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով: Հունվարի 25-ին Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած համաժողովում ՀՀ նախագահը իր ելույթում նշեց, որ երկարաժամկետ առումով կանաչ սկզբունքների վրա հիմնված տնտեսություններն ավելի հեռանկարային են և կայուն:
«Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը: Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիական արժեքը: Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Ըստ ՀՀ նախագահի` նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա:
Նախագահի խոսքով` համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Նա նշեց, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինն ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ: «Այս համաժողովը շատ լավ հարթակ կարող է դառնալ քննարկելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր աշխատանք և վստահ եմ, որ արդյունքները չեն հապաղելու»,- ասաց Սերժ Սարգսյանը: