Global Game Jam 2017. Հայաստանում ստեղծվել է 6 նոր խաղ
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Global Game Jam խաղերի միջազգային հեքեթոնը։
Global Game Jam խաղային հեքեթոնը տևում է 48 ժամ։ Հայաստանում այն անցկացվեց հունվարի 20-22-ը: Խաղ ստեղծելու համար մասնակիցները բերում են իրենց անհրաժեշտ ամեն ինչ (համակարգիչ, մոնիտոր և այլ տեխնիկա, գրենական պիտույքներ, սնունդ և այլն)։ Տեղում հայտարարվում է ստեղծվելիք խաղի այդ տարվա թեման, որը որոշվում է GGJ-ի կողմից։ Այս տարի խաղերի թեման ալիքներն էին: Ստեղծած խաղերը կապված էին ձայնային, լուսային, ծովային ալիքների և նույնիսկ ձգողականության ուժի հետ, որով մասնակիցները ցույց են տվել իրենց ստեղծագործ միտքն ու ստեղծել հետաքրքիր խաղեր:
Հեքեթոնին Հայաստանում մասնակցում էին 30 մասնակիցներ: Վերջիններս կազմել էին թվով 5 թիմեր, որոնց թվում էին՝ ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձևավորողներ և այլք։ Մասնակիցներին տրված էր ստեղծագործական ազատություն. նրանք կարող էին ստեղծել թե՛ վիդեո խաղեր, թե՛ սեղանի խաղեր (board game):
Հայաստանում այս միջոցառման կազմակերպիչներն էին Noor Games-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը:
«Սա հիանալի հնարավորություն է խաղերի սիրահարների համար, ովքեր երազել են ստեղծագործել, գրել սեփական խաղը։ Վստահ ենք, որ միջոցառումը կնպաստի ոլորտում էնտուզիաստների, մասնագետների և ընկերությունների միջև շփման ակտիվացմանը և նոր ծանոթությունների ու կապերի ձևավորմանը»,- նշում են միջոցառման կազմակերպիչները:
Միջոցառման կազմակերպիչները նշում են նաև, որ հեքեթոնը կմեծացնի հետաքրքրությունը ծրագրավորման և հատկապես խաղերի ստեղծման նկատմամբ, ի հայտ կբերի նոր և կրեատիվ գաղափարներ:
Կազմակերպիչները շեշտում են հատկապես այն հանգամանքը, որ միջոցառումը չունի հաղթողներ կամ պարտվողներ: Գլխավոր նպատակը նոր խաղեր ստեղծելն է:
Հունվարի 20-22-ն անցկացված հեքեթոնի ընթացքում ստեղծվել են 6 խաղեր՝
- Psychedelic Waves
- Star catchers
- Noizes
- Reach 2 Sea
- The Fault in Our Waves
- Breaktrough wave
Տեղեկացնենք նաև, որ Global Game Jam հեքեթոնը կազմակերպվում է 2009 թվականից: 2017 թվականին հեքեթոնին մասնակցելու է 98 երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանը։
Սիրարփի Աղաբաբյան