«Այսուհետ կարող ենք մեր մեքենաներով ազատ երթևեկել Պարսից Ծոցից մինչև Բալթիկ ծով` առանց վիզային ռեժիմի»

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադառնալով Երևան–Թեհրան–Աշգաբադ հնարավոր նոր համագործակցությանը՝ ասաց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Իրանի և Թուրքմենստանի դեսպաններին ընդունելը շատ կարևոր էր, իսկ այս գործընթացը, ըստ նրա՝ մեկնարկել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին։ Հանդիպմանը քննարկվել էին էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել էին էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ:

Ոսկանյանի խոսքով՝ Թուրքմենստանն աշխարհում գազային ռեսուրսներ ունեցող երկրների հնգյակի անդամ է, ունի նաև խոշոր էներգետիկ ռեսուրսներ, կարևոր խաղացող է, բայց ունի խնդիրներ՝ այդ ռեսուրսներն արտահանելու հետ կապված. «Տարիներ շարունակ ինքնամեկուսացման քաղաքականություն վարող այս երկիրն արդի էներգառեսուրսների գների անկման պայմաններում ելքեր է փնտրում սեփական գազային ռեսուրսները դեպի Արևմուտք տեղափոխելու առումով, և այդ ելքերից մեկը, դատելով եղած հանդիպումներից, կարող է լինել Հայաստանի միջոցով»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ իրանագետի՝ նա պետք է վարի, դրական իմաստով, ավելի ագրեսիվ քաղաքականություն այն ոլորտներում, որտեղ մեզ այդքան էլ չեն սպասում, կարող են անակնկալ թվալ, բայց որոնց շրջանակում, նրա ընդգծմամբ՝ մեր երկիրը կարող է ստանալ լուրջ ռեսուրսներ՝ զարգացնելու ոչ միայն սեփական տնտեսությունը, այլ նաև զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական դիրքերը. «Այս իմաստով նշված ձևաչափի հնարավոր ստեղծումը գալիս է փոխլրացնելու արդեն իսկ առկա ձևաչափերը. խոսքն Իրան-Հայաստան երկկողմ գազ-էլեկտրաէներգիա գործարքի, դրա ընդլայնման մասին է: Հայաստանը եռակողմ ձևաչափեր է ստեղծում Իրանի և վրաստանի հետ, և, եթե այս ձևաչափն էլ սկսի աշխատել, մենք կստանանք լրջագույն դերակատարի կարգավիճակ այս տարածաշրջանում»:

Կարդացեք նաև

Որպես կողմնակի ցուցիչներ՝ դիտարկելով Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների արձագանքը, իրանագետը փաստեց, որ պատահական չէր ադրբեջանական ԶԼՄ-ներում Թուրքմենստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների խորացման վերաբերյալ վերլուծությունների, տեղեկատվության բումը, որն անմիջապես հաջորդեց ՀՀ վարչապետի և երկու դեսպանների հանդիպմանը, ինչն էլ, ըստ Վ. Ոսկանյանի՝ ցույց է տալիս այդ երկրում առաջացած անհանգստությունները. «Դա կողմնակի ցուցիչ է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»:

Խոսելով 2017 թ. Իրան-Հայաստան հարաբերությունների մասին, իրանագետը շեշտեց, որ կարևոր ձեռքբերում էր այն, որ հայկական ավտոմեքենաներն ազատ կարող են տեղաշարժվել Իրանի տարածքում եռամսյա ժամկետում՝ թողնելով սիմվոլիկ 90 դոլար գումար, որը տեղաշարժից հետո վերադարձվելու է. «Այսուհետ կարող ենք մեր մեքենաներով Պարսից Ծոցից մինչև Բալթիկ ծով երթևեկել՝ առանց վիզային ռեժիմի և առանց որևէ սահմանափակման»:

Տեսանյութեր

Լրահոս