Դաշինքային մղձավանջ
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում շարունակվող դաշինքային կամ դաշինքաստեղծ կամ դաշինքահեն գործընթացներն արդեն անգամ ծիծաղելի են դառնում։
Բոլորը հնարավոր են համարում բոլորի հետ դաշինքները, բանակցում են բոլորի հետ, պայմանավորվում են բոլորի հետ, հաշվում են բոլորի հետ՝ մտքում, սակայն, ունենալով ամենագլխավոր հաշվարկը՝ տեղավորվել իշխանության հաշվարկներում։ Արտաքուստ բուռն քաղաքական անցուդարձի տպավորություն թողնող այս գործընթացն իրականում գրեթե կապ չունի քաղաքականության հետ, որովհետև դրա հիմքում ընկած է ամեն ինչը, բացի քաղաքականության հիմնարար բաղադրիչներից՝ գաղափարներ, սկզբունքներ, ծրագրեր։
Ընդ որում, որքան ավելի բարձր է հնչում դաշինքների ձևավորման մասին աղմուկը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ դաշինքների մասնակիցների լռությունը գաղափարների, սկզբունքների, ծրագրերի մասին։
«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է» արտահայտությունը, որն այդքան շատ են սիրում կրկնել մեր՝ իրենց քաղաքական գործիչներ համարողները, իրականում վերաբերում է գաղափարական, ծրագրային պայքարի հնարավորությունների իրացմանը, որի ընթացքում, այո, կարող է տեղի ունենալ նաև շահերի համընկնում։
Բայց քանի որ չկա գաղափար, չկա սկզբունք ու չկա ծրագիր, ամեն ինչ հանգել է որևէ տեղ, բառի ամենաբուն իմաստով, «խցկվելու» հնարավորությանը, որն արդեն արվեստի այն տեսակներից է, որոնց մասին քաղաքակիթ ձևակերպումներ դժվար է գտնել։ Դաշինքային այս մոլուցքի հետևանքներից մեկն էլ այն է, որ վերջնականապես վերանում են բոլոր այն սահմանագծերը, որոնք գոնե փոքր-ինչ տարբերում էին մեր քաղաքական ուժերին։
Իսկ վերացող սահմանագծերից ամենացայտունն էլ հատկապես արտաքին քաղաքական կողմնորոշման սահմանագիծն էր, որը, դատելով ներկայիս դաշինքային մղձավանջից, Հայաստանում կարծես գոյություն էլ չի ունեցել, կամ գոյություն ունեցածը եղել է ամբողջովին արհեստական։ Ռուսամետները միավորվում են արևմտամետների հետ, հակառուսականները դաշինքներ են կազմում հակաամերիկանիստների հետ, ավելի ճարպիկները շարունակում են «ոչ և՛ ռուսներին, և՛ ամերիկացիներին» ճամարտակությունը, որը հայկական ու Հայաստանի վերաբերյալ իրողությունների պայմաններում իրականում նշանակում է՝ «այո՛ ռուսներին»։
Եվ, վերջին հաշվով, այն, ինչ կատարվում է նախընտրական դաշտում, անուղղակիորեն արդարացնում է իշխանությանը, որն անհիշելի ժամանակներից ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության մեջ չի առաջնորդվել որևէ գաղափարախոսությամբ կամ սկզբունքով՝ Հայաստանը հասցնելով այն վիճակին, որ տեղից վեր կացողը, որն այսօր նույնական է իշխանությունից դուրս եկողի հետ, դեմքի լուրջ արտահայտությամբ ու առանց ամաչելու՝ խոստանում է փրկել երկիրը։