«Գագիկ Ծառուկյանը խառնեց քաղաքական գրեթե բոլոր ուժերի և այդ քաղաքական ուժերի թիկունքում կանգնած լիդերների ծրագրերը». Քաղաքագետ
Նախընտրական շրջան է, և «նորմալ» է, որ դաշինքներ են ձևավորվում։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ նշեց, որ ՏԻՄ ընտրությունները, որոնք տեղի ունեցան անցյալ տարվա աշնանը Հայաստանի տարբեր մարզերում, ցույց տվեցին, որ ընդդիմությունը բավական թույլ է։
«Ընդդիմադիրներ ասելով՝ նկատի ունեմ համապետական նշանակություն ունեցող կուսակցությունները, այլ ոչ թե նույն ԳԱԼԱ-ն՝ Գյումրիում, կամ նույն «Լուսավոր Հայաստանը»՝ Վանաձորում։ Իսկ մյուս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք համապետական նշանակություն ունեին, բավականորեն ձախողեցին այդ ընտրությունները։ Այդ հանգամանքը հասկանալով՝ մեր ընդդիմադիր դաշտի գործիչները գերադասում են ստեղծել դաշինքներ և դաշինքներով ներկայանալ հասարակությանը, այդ դաշինքների անդամներ են դառնում նաև նորաստեղծ կուսակցություններ, որոնք այդքան էլ շատ ժամանակ չունեն «раскрутка» լինելու, հասարակությանը ներկայանալու համար, և իրենց ավելի հարմար է դաշինքներով հանդես գալը»,- նշեց քաղաքագետը։
Մեր այն հարցին, թե արդյոք ինքնավստահությո՞ւնը, թե՞ ընտրություններին լուրջ չվերաբերվելն է պատճառը, որ այս պահին խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդն» այնքան էլ ակտիվ չեն՝ ի տարբերություն ձևավորված և ձևավորվող դաշինքների՝ Գ. Համբարյանն այսպես պատասխանեց.
«Իրենք չենք կարող լուրջ չվերաբերվել ընտրություններին, որովհետև սա միակ համապետական ընտրություններն է լինելու այսուհետ։ Ինչ վերաբերում է պասիվությանը, ապա պետք է նշեմ, որ երևի նրանք ավելի շատ փնտրտուքների մեջ են, նույն ՀԱԿ-ը մտածում է, որ, քանի որ իրենք առաջադրել են Լևոն Տեր-Պետրոսյանին, ուրեմն՝ վերջ, դա նրանց բրենդն է, լոգոն է, նրանք կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը։ ՀՅԴ-ն նույնպես իր հույսը դրել է իր ընտրազանգվածի վրա, որը միշտ կայուն է, նրանք գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ունեցել են 5 տոկոս, բայց ասեմ, որՀՅԴ-ն ունի մտածելու տեղիք, որովհետև, ՀՅԴ-ի վարկանիշը հասարակության մոտ բավականին ցածր է, երբ նրանք մտան անիմաստ կոալիցիայի մեջ ՀՀԿ-ի հետ և արդեն խնդիրներ ստեղծեցին՝ իրենց վարկանիշի հետ կապված։
«Հայկական վերածնունդը» նույնպես հույս ունի, որ միայնակ կարող է այդ 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել, որովհետև իրենք և՛ Վանաձորում, և՛ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ունեցան հաջողություններ։ Բայց ես չեմ գտնում, որ այս կուսակցությունները հիմա այդքան շատ պասիվ են, մտածում եմ, որ նրանք փնտրտուքների մեջ են, ավելի լուրջ առաջարկների են սպասում, թե ում հետ կարող են համագորրծակցել»։
Գ. Համբարյանի խոսքով՝ ընտրությունների գործընթացի մեջ շատ մեծ խառնաշփոթ մտցրեց Գագիկ Ծառուկյանը. «Նա խառնեց քաղաքական գրեթե բոլոր ուժերի և այդ քաղաքական ուժերի թիկունքում կանգնած քաղաքական լիդերների ծրագրերը, որովհետև Ծառուկյանն ունի ընտրազանգված, որը բավական մեծ է։ Եթե Ծառուկյանը չլիներ, ապա քաղաքական գործընթացներն այլ կերպ կընթանային։ Ծառուկյանի վերադարձը փոխում է բոլորի խաղադրույքները և խնդիրներ է ստեղծում բոլորի համար»։
Մեր զրուցակիցը կարծում է՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձն ավելի ձեռնտու է իշխանություններին, որովհետև իշխանությունները հիմա խնդիր ունեն մեծամասնություն կազմելու Ազգային ժողովի ընտրություններում. «ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունների ռեյտինգը 30-35 տոկոսը չի անցնում։ Իշխանությունների համար կարևոր է ունենալ ապագա հուսալի, վստահելի գործընկեր, որի հետ կարելի է կոալիցիա կազմել»։
«Հուսալի, վստահելի գործընկեր, որի հետ կարելի է կոալիցիա կազմել» ասելով՝ քաղաքագետը նկատի ունի ԲՀԿ-ին, քանի որ, ըստ նրա, ՀՅԴ-ն այն ռեյտինգը և ռեսուրսը չունի, որ համապատասխան ձայներ տանի և ինչ-որ ուժ լինի կոալիցիայի մեջ։