Ժողովրդի ապստամբության իրավունքը
Ներածություն
Հայաստանի և անցումային բնույթի այլ ժողովրդավարությունների քաղաքական և ընտրական համակարգերի անկատարությունը նման պետությունների քաղաքական դիսկուրսի կարևոր թեմա է դարձնում ապստամբության՝ ժողովրդին պատկանող իշխանության իրականացման միջոցի իրավաչափության և թույլատրելիության հարցը: Եվ դա հասկանալի է, քանզի հրապարակային քաղաքականության վերածումը փակ էլիտար գործունեության և ժողովրդի՝ որպես քաղաքական գործոնի անտեսումը հասարակությանը ստիպում է փնտրել պետական իշխանության ձևավորման և իրականացման վրա ներազդելու այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկն ապստամբությունն է:
Թունիս, Սիրիա, Լիբիա, Ուկրաինա… Սա պետությունների այն ոչ սպառիչ ցանկն է, որոնք դարձան ապստամբությունների թատերաբեմ՝ դրանց հաջորդած իշխանափոխությամբ: Այդպիսով տեսանելի է, որ ապստամբություններն ամբողջ աշխարհում դառնում են սափորից դուրս եկած ջին և աստիճանաբար վերածվում ներքաղաքական և նույնիսկ արտաքին քաղաքական լուրջ գործոնի, որն առաջացնում է ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատականի անհրաժեշտություն:
Սույն խնդիրը Հայաստանում մեծ արդիականություն ունի՝ կապված նախընթաց տարում Սասնա ծռերի գործողության հետ, որի իրավաչափության հարցում հասարակությունում առաջ եկան երկու հակադիր տեսակետներ՝ իշխանության տեսակետը, որ դա ահաբեկչություն է, և Սասնա ծռերի ու նրանց աջակիցների պնդումը, որ այդ գործողությունն ապստամբություն է:
Այս թնջուկի հանգուցալուծումը, հաշվի առնելով նաև մոտալուտ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, շատ կարևոր է ինչպես պետության կողմից ներքաղաքական անկայությունն արդյունավետ կանխարգելելու կամ կառավարելու, այնպես էլ հանրային շահի ձևակերպման և պաշտպանության համար:
Հասարակության, կամ որ նույնն է թե ժողովրդի ապստամբության իրավունքի գոյության և դրա իրացման հիմնախնդիրը հանդիսանում է ժամանակակից իրավագիտության և քաղաքագիտության կարևոր հարցադրումներից մեկը: Մարդկության պատմության ամբողջ շարժընթացն ինքնին ցուցանում է, որ ժողովրդի ընդվզման հիմնական քաղաքական դրսևորումները՝ ապստամբություններն ու հեղափոխությունները, եղել են մարդկային հասարակության զարգացման մշտական ուղեկիցը և հաճախ դարձել արմատական սոցիալ-քաղաքական վերափոխումների հիմքն ու շարժիչ ուժը[1]:
Ընդսմին, լինելով հասարակագիտական կարևորագույն ֆենոմեններից մեկը, ապստամբության, դրա իրացման իրավունքի և պայմանների վերաբերյալ գիտական միտքը չունի միասնական դիրքորոշում, ինչն իր հերթին անդրադառնում է այս հարցում պետությունների քաղաքական պրակտիկայի վրա: Միևնույն ժամանակ միջազգային իրավունքը պարունակում է բավարար նախադրյալներ ժողովրդի ապստամբության իրավունքի պատշաճ և համապարփակ կարգավորման համար, ինչը, սակայն, դեռ բավարար չէ այս իրավունքի ներպետական և միջազգային-իրավական լիարժեք պաշտպանության համար:
Ուստի ապստամբությունների իրականացումը և արդյունքներն այսօր դեռևս գնահատվում են առավելապես քաղաքական նպատակահարմարության պրիզմայի ներքո՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի հարաբերակցությունն ինչպես պետության ներսում, այնպես նրա սահմաններից դուրս: Որպես ասվածի վառ ապացույց կարելի է մատնանշել 2011թ. ապստամբությունները՝ Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում և այլն: Այս երկրներից յուրաքանչյուրում ապստամբության ընթացքն ու արդյունքներն էապես տարբերվում են` կապված ապստամբության ակտի իրավաչափության հարցում առկա անորոշության և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քաղաքական կոնյուկտուրայի յուրահատկության հետ:
Պետական իշխանության լեգիտիմության խնդրականը որպես ապստամբության սոցիալ-իրավական հիմք
Բուն ապստամբության իրավունքի հիմնահարցի արծարծումից առաջ կարևոր է անդրադարձ կատարել խնդրո առարկայի հետ ուղղակիորեն կապված պետական իշխանության լեգիտիմության կոնցեպտին, քանի որ ժողովրդի ապստամբությունը ներկայացնում է պետության ղեկավարման ղեկը զբաղեցնող անձի կամ վարչակազմի իշխանավարման իրավաչափության-լեգիտիմության վիճարկման կամ մերժման կոլեկտիվ ակտ:
Պետական իշխանության կամ կառավարության լեգիտիմությունը կարելի է բնորոշել մի վիճակ, երբ պետաիշխանական լիազորություններ ունեցող սուբյեկտը՝ միապետը, նախագահը, պառլամենտը, իր լիազորությունները ստանում և դրանք իրացնում է իրավաչափորեն, այն է՝ տվյալ պետությունում գործող օրենքներին, ինչպես նաև (որոշ պետություններում) իրավական սովորույթներին համապատասխան և ի շահ հասարակության:
Ինչպես կարելի է եզրակացնել նշված սահմանումից, իշխանության լեգիտիմությունը պետության կամ քաղաքացիական հասարակության կայունության, զարգացման և անվտանգության առանցքային նախապայմանն է, և այդ իմաստով նշանակություն չունի, թե ինչպիսի կառավարման ձև է գործում այս կամ այն երկրում: Իշխանությունը կարող է լեգիտիմ լինել ինչպես միապետության, այնպես էլ հանրապետության պարագայում: Կարևորն այստեղ այն է, թե պետությունում գործում են արդյոք պետական (հանրային) իշխանության բարձրագույն մարմնի կամ մարմինների ձևավորման և քաղաքական իշխանության փոխանցման իրավական կանոններ, ինչպես են դրանք գործադրվում պետական իշխանության ձևավորման կամ փոխանցման յուրաքանչյուր ակտի ժամանակ, ինչպես նաև պետաիշխանական լիազորություններով օժտված մարմինն իր գործառույթներն իրականացնելիս ղեկավարվում է հանրային շահով, թե ոչ:
Պետական իշխանության լեգիտիմության հասկացության վերոնշյալ սահմանումից կարելի է առանձնացնել դրա երկու չափումը` իրավական և քաղաքական: Իրավական իմաստով պետական կամ հանրային իշխանության լեգիտիմությունը հանգում է իշխանության մարմինների ձևավորման, իշխանության փոխանցման ակտի համապատասխանությանը տվյալ երկրի օրենքներին և որոշ առումով նաև իրավական սովորույթներին:
Այսպես, միապետության պայմաններում միապետի իշխանության լեգիտիմությունը նախ և առաջ որոշվում է գահաժառանգման կամ միապետի ընտրության պետական-պաշտոնական կարգի առկայությամբ և միապետի իշխանաստանձման՝ այդ կարգին համապատասխանությամբ: Օրինակ, միապետների ընտրության կարգ էր գործում Սրբազան Հռոմեական կայսրությունում, (Գերմանիայում), ինչպես նաև որոշ ժամանակ Մոնղոլական Կայսրությունում և այլուր: Ըստ այդ կարգի` միապետն ընտրվում էր ազդեցիկ ֆեոդալների հատուկ հավաքի ժամանակ. Գերմանական կայսրությունում այն կոչվում էր կուրֆյուրստների հավաք, Մոնղոլական պետությունում` կուրալտայ: Գահաժառանգման տարաբնույթ կարգեր են գործել Օսմանյան Կայսրությունում, եվրոպական և ասիական միապետություններում:
Հանրապետության դեպքում պետական (հանրային) իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով: Հետևաբար այստեղ արդեն կարևորվում է ընտրական օրենսդրության առկայությունը և ընտրովի իշխանական մարմինների՝ պառլամենտի և (կամ) նախագահի ընտրության գործընթացի կամ ընթացակարգի համապատասխանությունն ընտրական օրենքին: Եթե բարձրագույն պետական իշխանությունն իրականացնող քաղաքական ինստիտուտը` միապետը, նախագահը, պառլամենտը, իրենց լիազորությունները ստանում են գործող օրենքի և (կամ) իրավապարտադիր ուժ ունեցող սովորույթի խախտմամբ, նրանք զրկվում են լեգիտիմությունից, ուրեմն և` նրանց կողմից ընդունվող որոշումները և իրականացված գործողություններն իրավաբանորեն խոցելի են ու վիճարկման առարկա:
Քաղաքական լեգիտիմությունն առավել բարդ չափելի երևույթ է, քանի որ հաճախ այն չի արտահայտվում իշխող սուբյեկտի ակնհայտ ապօրինի գործունեությամբ և ունի առավել գնահատողական բնույթ: Ընդհանուր առմամբ, միապետը կամ ընտրովի հանրապետական մարմինները պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որը բխում է հանրության գերակա շահից: Թե որն է այդ շահը, մարդկության իրավաքաղաքական միտքը չունի որոշակի պատասխան:
Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքի կարծիքով, օրինակ, մարդիկ միավորվում են և ստեղծում պետություն, որպեսզի վերջինս ապահովի իրենց անդորրը, բարեկեցությունը, սեփականության պաշտպանությունն ու անվտանգությունը[2]: Փաստորեն, անգլիացի հայտնի մտածողն առանձնացնում է պետության, հետևաբար նաև պետական իշխանության հիմնական քաղաքական խնդիրները, որոնց լուծումը պետականորեն միավորված հասարակության բոլոր անդամների հավաքական` հանրային շահն է: Դեռևս անտիկ շրջանում Պլատոնը մեծապես կարևորում էր պետության կողմից արդարության և արդարադատության ապահովումը, որը, նրա կարծիքով, հիմնական հանրային բարիքն ու շահն է, որ թույլ է տալիս հասարակության յուրաքանչյուր անդամին հասնել երջանկության[3]:
Հասարակական դաշինքի տեսության հիմնադիրներից Ժան Ժակ Ռուսոն պետության և պետական իշխանության հիմնական խնդիր է համարում քաղաքացիների անձնական անձեռնմխելիության, ազատության և սեփականության պաշտպանությունը: Ֆրանսիացի նշանավոր փիլիսոփան նշված արժեքները համարում էր մարդկային հանրույթի կողմից պետության ստեղծման հիմնական դրդապատճառը, ուրեմն և այն գերագույն շահը, որի սպասարկմանը պետք է ուղղված լինի պետության գործունեությունը[4]:
Չխորանալով հանդերձ հանրային շահի կամ բարիքի հասկացության և ընկալման փիլիսոփայական հորձանուտում` հարկ է նշել, որ ժամանակակից ժողովրդավարական հռչակված պետություններում հանրային շահի ձևակերպման հարցում առկա է որոշակի հստակություն. հանրային շահը պետության կողմից Սահմանադրության նորմերի պահպանումն ու դրա իրացման ապահովումն է, քանի որ Սահմանադրությունը մարդու հիմնարար իրավունքների և հասարակության կենսագոյի հիմնարար արժեքների ժողովածու է, նաև հասարակության անդամների բարեկեցության և անվտանգության անկյունաքարային երաշխիքը: Ուստի մեր օրերում պետական իշխանության քաղաքական լեգիտիմության հիմնական չափորոշիչը պետք է համարել նրա կողմից իր հիմնական պարտականության` Սահմանադրության դրույթները պահպանելու և Սահմանադրությամբ որոշված լիազորությունների շրջանակներից դուրս չգալու հանձնառության կատարումը: Պետության կողմից Սահմանադրության պահանջները խախտելը պետք է դիտարկվի որպես իրավախախտում, որը հենց օրվա քաղաքական-պետական իշխանությունը կրող սուբյեկտի քաղաքական լեգիտիմության թուլացման կամ վերացման սկզբնապատճառն է:
Այդուհանդերձ, նույնիսկ այս պայմաններում պետական իշխանության քաղաքական լեգիտիմությունը դժվար է միանշանակ գնահատել: Սույն հարցում շատ կարևոր են մի շարք հավելյալ սոցիալական գործիքներ, ինչպիսին է, օրինակ, սոցիալական հարցման ինստիտուտը, որը լայնորեն կիրառվում է հատկապես Արևմտյան ժողովրդավարություններում:
Սոցիալական հարցումները թույլ են տալիս ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջաններում և, ընդհանրապես, պետական իշխանության մարմինների գործունեության ընթացքում ուսումնասիրել ու բացահայտել հանրային շահի և դրա վրա հիմնված հանրային օրակարգի բովանդակությունը և դրանից բխող հասարակության տրամադրություններն ու վերաբերմունքը կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ: Դա թույլ է տալիս որոշել նաև իշխող վարչակազմի հանրային վարկանիշը, որը հենց նրա քաղաքական լեգիտիմությունը պայմանավորող հիմնական ցուցիչներից մեկն է:
Բոլոր դեպքերում, որքան էլ պետական իշխանության լեգիտիմության քաղաքական բաղադրիչը լինի դժվար մեկնելի և գնահատելի, պետք է փաստել, որ վերջին շրջանում տեղի ունեցած ապստամբությունները պայմանավորված են եղել հենց պետաիշխանական ինստիտուտների քաղաքականության և գործելակերպի առնչությամբ ժողովրդի ընդվզմամբ, ինչպես օրինակ, 2014թ. Մայդանն Ուկրաինայում, որը կապված էր Ուկրաինայի նախագահի կողմից Եվրաասոցացման քաղաքականությունից հրաժարվելու որոշման, ինչպես նաև նախագահի և իր վարչակազմի կոռումպացվածության հետ: Իշխանութան քաղաքական լեգիտիմության անկումն էր նաև 2011թ. Եգիպտոսում, Թունիսում, Սիրիայում ծագած ապստամբությունների պատճառը: Այդքանով հանդերձ` ի տարբերություն պետական իշխանության ինստիտուտների իրավական լեգիտիմության` քաղաքական լեգիտիմությունը պակաս որոշակի և չափելի երևույթ է, ուստի այդ հիմքով ծագած ժողովրդական ընդվզումների որակումը, որպես իրավաչափ բնույթ ունեցող ապստամբություն, բավականին դժվար է և էապես կրում է քաղաքականացված-սուբյեկտիվ բնույթ, ինչը հղի է հասարակական և պետական կարգի տևական անկայունության վտանգով` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Ժողովրդի ապստամբության իրավունքի պատմա-իրավական զարգացման հարացույցը
Ժողովրդի ապստամբության իրավունքը, ինչպես վերը ներկայացվեց, կապված է պետական իշխանությունն իրականացնող ինստիտուտների լեգիտիմության հետ և ուղղված է լեգիտիմությունը կորցրած պետաիշխանական բարձրագույն սուբյեկտների փոփոխմանը: Որպեսզի խնդիրն առավել պատկերացնելի դառնա, հարկ է նախ սահմանել, թե ինչ ասել է ժողովուրդ. մարդկանց ինչպիսի՞ համախումբն է հանդիսանում ժողովուրդ, ո՞վ է իրավազոր ապստամբել կառավարության և իշխանազոր այլ մարմինների դեմ:
«Ժողովուրդ» եզրույթն իմացաբանական տեսանկյունից ամենևին միասեռ հասկացություն չէ: Հաշվի առնելով, որ ապստամբությունը որպես սոցիալական ֆենոմեն և դրա իրացման իրավունքը կրում են ընդգծված իրավաքաղաքական բնույթ, ապա անհրաժեշտ է «ժողովուրդ» տերմինն ուսումնասիրել նախևառաջ իրավագիտական և քաղաքագիտական դիտանկյուններից:
Ժամանակակից պետականագիտությունը հիմնվում է սահմանադրական ժողովրդավարության պետական մոդելի վրա, որի շրջանակներում պետական իշխանության աղբյուրը և կրողը հռչակվում է ժողովուրդը` որպես տվյալ պետության քաղաքացիների ամբողջություն: Պետության քաղաքացիներն են, որ ամբողջության մեջ ունեն իրենց պատկանող քաղաքական-պետական իշխանությունն իրենց կողմից ձևավորվող-ընտրվող ներկայացուցիչներին (հանրային-իշխանական ինստիտուտներին) պատվիրակելու լիազորություն: Պետության քաղաքացիներն են հիմնականում տիրապետում նաև մնացյալ քաղաքական իրավունքները, այդ թվում՝ ապստամբելու իրավունքը: Հետևաբար, սահմանադրաիրավական-քաղաքական իմաստով ժողովուրդն այն մարդկանց ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրն ունի կայուն իրավաքաղաքական կապ տվյալ պետության և պետական իշխանության հետ, որը դրսևորվում է մարդու` համապատասխան պետության քաղաքացի լինելով: Պետության քաղաքացի լինելը, հետևապես, հանդիսանում է մարդկանց բազմությունը ժողովուրդ դարձնող հիմնական գործոնը, որի շրջանակներում ձևավորվում են բազմազան փոխառնչակցություններ և պարտավորություններ ժողովուրդ կազմող քաղաքացների միջև, առաջանում է ժողովրդի սոցիալ-քաղաքական միասնության հիմքը` քաղաքացիականությունը:
Այս ամբողջից կարելի է անել նաև հետևյալ տրամաբանական եզրահանգումը. պետական իշխանության ձևավորման, փոփոխման և նրա կողմից հանրային շահի սպասարկման պահանջատիրության սուբյեկտը պետության քաղաքացիներն են` իրենց ամբողջության մեջ[5]: Ասվածի ապացույց են բազմաթիվ պետությունների Սահմանադրություններ, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությունը, որի 2-րդ հոդվածի և 48-րդ հոդվածի 1-ին մասի համադրումից պարզ է դառնում, որ պետական իշխանությունը պատկանում է ժողովրդին` ՀՀ քաղաքացիներին, ովքեր ունեն պետական իշխանության բարձրագույն մարմինը` Ազգային ժողովը ձևավորելու բացառիկ իրավունք, որի խախտումը, այն է` պետական իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Հին և միջնադարյան ժամանակներում, երբ գործում էին ստրկատիրական և ավատատիրական հասարակարգերը, ըստ հասարակության՝ պետականորեն ամրագրված շերտավորմամբ իշխող և շահագործվող դասակարգերի՝ ժողովուրդ էին համարվում իրավազուրկ և շահագործվող դասերը` գյուղացիները, արհեստավորները, առևտրականները և այլն: Չկար ժամանակակից ընկալմամբ քաղաքացիության ինստիտուտը: Բնական է, որ նման պայմաններում պետական իշխանության ձևավորման հայեցակարգն արմատապես տարբերվում էր լուսավորչականության շրջանում սկզբնավորված և մեր օրերում բյուրեղացած ժողովրդաիշխանության սկզբունքից: Իշխանությունը պատկանում էր շահագործող դասակարգին` ստրկատերերին, ապա ֆեոդալներին, իսկ իշխող դասակարգի աստիճանակարգության գլուխ կանգնած էր միապետը, ում իշխանությունը համարվում էր Աստծո կողմից շնորհված:
Սակայն այն հանգամանքը, որ ժողովուրդն օտարված էր պետության գործերից և իշխանատեր չէր, չի նշանակում, որ շահագործվող ժողովրդական զանգվածները չունեին ապստամբության իրավունք: Ինչպես կմանրամասնվի հաջորդիվ, եթե ժողովրդավարական հասարակություններում ժողովրդի ապստամբելու իրավունքը հանգում է անօրեն հանրային ծառայողների հեռացման լիազորությանը, ապա հին աշխարհում և վաղ ու զարգացած միջնադարում ժողովրդի ապստամբությունն ուղղված էր անօրեն «տերերի» փոփոխությանը:
Ապստամբության իրավունքը հանդիսացել է պետականորեն միավորված հասարակության բնական և անկապտելի իրավունքը բոլոր ժամանակներում` անկախ հասարակական-տնտեսական ֆորմացիայից և կառավարման ձևից, ինչպես նաև դրանցից բխող պետական իշխանության պատկանելության հայեցակարգից: Հին և միջնադարյան միապետությունների օրոք, երբ միապետի իշխանությունը սրբագործված էր, և միապետը համարվում էր Աստծո ընտրյալն ու տեղապահը երկրի վրա, ժողովուրդն իրավազոր էր ընդվզել տիրակալի դեմ, եթե նա բռնազավթել էր իշխանությունը կամ կառավարում էր անօրեն և անարդար` խախտելով ժողովրդի կենսական իրավունքները: Նման միապետը չուներ լեգիտիմություն և համարվում էր բռնապետ:
Բռնապետին տապալելու ժողովրդի լեգիտիմ իրավունքը ճանաչվում էր հին և միջնադարյան շատ մտածողների կողմից: Օրինակ, Արիստոտելը գտնում էր, որ սեփականության բաշխման անհամամասնությունն ու անհավասարությունն ազատ մարդկանց միջև կարող է հանգեցնել հեղափոխության կամ ապստամբության, ինչը ճնշվածների իրավունքն է[6]:
Միջնադարի փիլիսոփա Թովմա Աքվինացին ճանաչում էր բռնապետությունն ուժով տապալելու ժողովրդի իրավունքը[7]: Ջոն Լոքն ավելի հեռուն էր գնացել ժողովրդի` ապստամբության իրավունքի ճանաչման հարցում և փաստացի առաջարկում էր վերանայել միջնադարյան միապետական կարգերի գաղափարախոսական հենքը` միապետի` պետական իշխանության աղբյուր և Աստծո ընտրյալ լինելու գաղափարը: Լոքը գտնում էր, որ պետական կառավարման ցանկացած ձև, այդ թվում նաև միապետությունը հիմնադրվում է ժողովրդի կողմից, և ժողովուրդն է իշխանության աղբյուրը:
Հետևաբար, միապետի և պետական մյուս բարձրագույն ինստիտուտների ընդարձակ լիազորությունները նրանց չեն դարձնում ինքնակալ և կարող են հետ վերցվել ժողովրդի կողմից, ով և պատվիրակել է այդ լիազորությունների իրականացումը պետական իշխանությանը՝ հանուն հասարակության բնականոն կենսագործունեության և անդորրի ապահովման: Ավելին, եթե ժողովրդի կողմից ձևավորված պետական իշխանությունը` միապետը կամ օրենսդիր և գործադիր իշխանությունը ժողովրդավարական պետությունում ոտնահարում է իր հպատակների ազատությունն ու սեփականությունը, ժողովուրդն իր այդ «սրբազան» իրավունքների վերականգնման և պաշտպանության համար կարող է հեռացնել իրավախախտ իշխանությանը:
Ընդ որում, եթե չարաշահում թույլ տված իշխանական ինստիտուտներն առանց իրավական հիմքի նաև ուժ են կիրառում ժողովրդի նկատմամբ, նրանք անխուսափելիորեն հայտնվում են ժողովրդի հետ պատերազմի վիճակում, ինչը թույլ է տալիս հասարակությանն իր ինքնապահպանման համար նույնպես ուժ կիրառել պետական իշխանության նկատմամբ[8]:
Ըստ էության, եթե հարցին մոտենում ենք ներկայումս էլ ընդունված հասարակական դաշինքի տեսության շրջանակներում, ապա կարելի է ասել, որ պետական իշխանության յուրացումը և (կամ) պետության կողմից քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարումը փաստացի դադարեցնում է, առարկայազուրկ է դարձնում հասարակական պայմանագրի կամ դաշինքի գործողությունը, քանի որ այդպիսով խախտվում է այդ պայմանագրի հիմնական դրույթը. պետական իշխանությունը չի ձևավորվում հասարակության կամ ժողովրդի կողմից կամ չի իրականացնում հանրօգուտ գործունեություն: Իսկ հասարակական պայմանագրի բացակայության պարագայում մարդիկ այլևս պարտավոր չեն պահպանել պետության օրենքները, և այդու պետությունը կորցնում է բռնության մենաշնորհը, քանզի մարդիկ վերադառնում են իրենց բնական` նախապետական վիճակին:
Այսպիսով, մենք կրկին ականատեսն ենք հանրային շահի գաղափարի արծարծման, թեկուզև անուղղակի: Ցանկացած իշխանություն, անկախ կառավարման ձևից և հասարակարգից, պետք է ձևավորվի օրինական և առաջնորդվի հասարակության կենսական շահերի պահպանման հրամայականով: Այլ հարց է, որ կախված կոնկրետ ժամանակաշրջանի իրավամտածողությունից և նորմատիվ բազայից` օրինականության և հասարակության գերակա շահի վերաբերյալ հասարակական պատկերացումները կարող են տարբեր լինել, բայց մեկ բան աներկբա է. եթե իշխողի և կառավարվողների շահերը ձեռք են բերում ակնհայտ հակոտնյա բնույթ, դա իրավաչափ հիմք է ստեղծում կառավարվողների` ժողովրդի ապստամբության համար:
Պետական իշխանության ձևավորման և պատկանելության ու պետական ինստիտուտների ազգանպաստ գործունեության վերաբերյալ հին և միջնադարյան առաջադեմ փիլիսոփայական միտքն աստիճանաբար գաղափարական պարարտ հող ստեղծեց համապատասխան քաղաքական վերափոխումների համար: Վերջիններս, բնականաբար, արտացոլվեցին նաև սահմանադրական բնույթի իրավական փաստաթղթերում, որոնք ունեցան, հիրավի, հսկայական նշանակություն հասարակության և պետության հետագա ժողովրդավարական զարգացման համար: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, 1776թ. ԱՄՆ-ի անկախության հռչակագրին, 1787թ. ԱՄՆ-ի Սահմանադրությանը, Ֆրանսիական մեծ հեղափոխության իրավաքաղաքական արգասիքին` 1789 և 1793թթ. Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրերին:
ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը կառուցված է հենց ընդդեմ անօրեն տիրակալի կամ կառավարության ժողովրդի ապստամբության անօտարելի իրավունքի գաղափարի վրա: Ընդ որում, Հռչակագրում հստակորեն փոխկապակցված են մարդկանց հավասարության և բնական ու անօտարելի իրավունքների գաղափարը և դրանք ապահովելու` պետական իշխանության պարտականությունը, որի չկատարման, իշխանության չարաշահման, բռնազավթման և հանրային շահին ակնհայտորեն հակասող այլ գործողությունների պարագայում ժողովուրդն իրավունք ունի հեռացնել կամ տապալել նման իշխանությանը կամ կառավարությանը` իշխանական լիազորություններ պատվիրակելով նոր կառավարիչների[9]: Հռչակագրում թվարկվում են նաև Անգլիայի միապետի այն բոլոր ապօրինություններն ու չարաշահումները, որոնք թույլ են տրվել ամերիկյան գաղութացված նահանգների դեմ, ինչը հիմք է տվել նրանց անկախանալու մետրոպոլիայից և թոթափելու նրա լուծը: Այս մեջբերումից հետևում է, որ ապօրինի և (կամ) իր իշխանությունը չարաշահող կառավարության հեռացումն ու տապալումը ժողովրդի կողմից իր իրավունքների պաշտպանության իրավաչափ միջոց է, որը կարող է իրացվել տարբեր ձևերով, այդ թվում նաև ապստամբության՝ որպես ծայրահեղ միջոցի շնորհիվ:
Անչափ ուշագրավ է ԱՄՆ Սահմանադրության 2-րդ ուղղումը, որը սահմանում է ժողովրդի` զենք կրելու իրավունքը: Որպես զենք կրելու նպատակ` նշված սահմանադրական դրույթը մատնացույց է անում ազատ պետության անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: ԱՄՆ գերագույն դատարանն այս իրավունքը մեկնաբանեց որպես անձի ինքնապաշտպանության իրավունքի իրացման երաշխիք[10]: Գերագույն դատարանի կողմից անձի ինքնապաշտպանության իրավունքի նման ընդհանրական ձևակերպումը հիմք տվեց բազմաթիվ հեղինակավոր իրավագետների 2-րդ ուղղմամբ նախատեսված զենք կրելու իրավունքը դիտարկել ոչ միայն որպես անձնական, այլ նաև կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի երաշխիք՝ այդ թվում ընդդեմ օտարերկրյա ներխուժման և բռնապետական կառավարության դեմ պայքարում[11]: Դժվար չէ նկատել, որ ընդդեմ բռնապետական կառավարության կոլեկտիվ ինքնապաշտպանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ապստամբություն, կամ ժողովրդի ապստամբությունն առնվազն կոլեկտիվ ինքնապաշտպանության եղանակներից մեկն է:
Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների 1789թ. Ֆրանսիական հռչակագիրը, արտահայտելով Արևմտյան Եվրոպայի իրավաքաղաքական մտքի նվաճումները, ԱՄՆ-ի վերոնշյալ սահմանադրական ակտերի նման նույնպես հիմնված էր բնական իրավունքի դոկտրինի վրա և ճանաչում էր մարդու հիմնական անօտարելի իրավունքները և դրանց գերակայությունը պետության կողմից ընդունելու անհրաժեշտությունը:
Մասնավորապես, Հռչակագրի 2-րդ հոդվածի համաձայն`ցանկացած քաղաքական միավորման (իմա` պետության) նպատակը մարդու բնական և անօտարելի իրավունքների ճանաչումն է: Այդ իրավունքներն են` ազատությունը, սեփականությունը, անվտանգությունն ու դիմադրությունը հարստահարմանը: Թեև 1789թ. հեղափոխության հետևանքով իշխանության եկած բուրժուական շրջանակները գիտակցաբար խուսափեցին ուղղակիորեն նշել ապստամբության իրավունքը` որպես ժողովրդի բնական և անօտարելի իրավունք, այդուհանդերձ, հարստահարմանը դիմադրելու ժողովրդի հիմնարար իրավունքի ճանաչումը, ըստ էության, լեգիտիմացնում էր նաև ապստամբության իրավունքը որպես այդպիսին, քանի որ պետության ձևավորման լեգիտիմ նպատակ էր համարում հարստահարմանը դիմադրելու մարդկանց իրավունքը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ իրավաչափ հակազդում պետաիշխանական ինստիտուտների կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական ոտնահարմանը:
Քանի որ դիմադրության սահմանները չէին նախատեսվում Հռչակագրում, կարելի է եզրակացնել, որ այն ենթադրում էր ժողովրդական զանգվածների ցանկացած գործողություն, որը միտված է պետական իշխանության ոչ լեգիտիմ և հակաժողովրդական գործունեությունը դադարեցնելուն, այդ թվում` ապստամբությունը:
Ֆրանսիական իրավաքաղաքական մտքի հեղափոխական զարգացումները հանգեցրեցին 1793թ.` Յակոբինյանների կառավարման շրջանում Ֆրանսիայում մարդու իրավունքների նոր հռչակագրի ընդունմանը, որը ոչ միայն սահմանեց ժողովրդի ապստամբության իրավունքն ընդդեմ կամայական և բռնապետական իշխանության, այլև ամրագրեց, որ ապստամբության իրավունքը բխում է մարդու մյուս իրավունքներից և նույնիսկ մեկ մարդու հարստահարումը պետական իշխանության կողմից նշանակում է ամբողջ հասարակության հարստահարում: Եթե կառավարությունը խախտում է ժողովրդի իրավունքները, ապա վերջինս ունի ոչ միայն այդ կառավարության դեմ ապստամբելու սրբազան իրավունք, այլև ապստամբելն այդ դեպքում ժողովրդի առաջնային պարտականությունն է (հոդված 33-35):
Այսպիսով, կարելի է վստահաբար պնդել, որ ժողովրդի ապստամբության իրավունքի գաղափարախոսական հիմունքների և գործնական դրսևորումների ուսումնասիրումը հին և միջնադարյան ժամանակաշրջաններում եղել է իրավաքաղաքական մտքի առաջադեմ ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում` անկախ պետության և իրավունքի վերաբերյալ ունեցած տարբեր պատկերացումներից և տարբեր պատմաշրջաններում առկա քաղաքական պայմաններից: Ավելին, խնդրո առարկա իրավունքի առկայության վերաբերյալ, կարծես թե, չկան տարաձայնություններ: Դրա ապացույցն է արևմտյան քաղաքակրթության արմատական տրանսֆորմացիան, որը տեղի ունեցավ Եվրոպայում և ԱՄՆ-ում 17-18-րդ դդ., երբ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները հանգեցրեցին առաջադեմ մարդկության իրավաքաղաքական մտքի ժառանգության վերաիմաստավորմանն ու դրա հիման վրա նոր տնտեսաքաղաքական և իրավական համակարգի հիմնադրմանը, ուր ժողովուրդն է ձևավորում իր իշխանությունը և իրավունք ունի հեռացնել նրան, այդ թվում նաև ապստամբության միջոցով, երբ այդ իշխանությունը չունի իրավական և (կամ) քաղաքական լեգիտիմություն:
Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգն ուղեկցվեց ժողովրդավարական գործընթացների խորացմամբ և տարածմամբ: Աշխարհը սկսեց դառնալ առավել փոխկապակցված և գլոբալ: Սկսեցին ձևավորվել ազդեցիկ միջազգային կազմակերպություններ`Միացյալ ազգերի կազմակերպության`ՄԱԿ-ի գլխավորությամբ, որը ստանձնեց միջազգային խաղաղության և անվտանգության, համաշխարհային մակարդակում մարդու իրավունքների հարգման և պաշտպանության հիմնական երաշխավորի գործառույթը:
Նորագույն շրջանում հատկապես ժողովուրդների ապագաղութացման շարժման համատեքստում նորովի մեկնաբանվեց ժողովուրդ-պետություն կամ հասարակություն-պետություն փոխհարաբերությունների համակարգը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև ժողովրդի ապստամբության իրավունքին: 1948թ. ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի հեղափոխական բնույթը կայանում էր նրանում, որ առաջին անգամ աշխարհի բոլոր ճանաչված պետությունները, համախմբվելով մեկ ընդհանուր կազմակերպական միավորի` ՄԱԿ-ի ներքո, քաղաքական որոշում կայացրեցին՝ ձևավորել իրավական և քաղաքական վարքագծի ընդհանուր կանոններ և ստանձնել պարտավորություններ ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլև իրենց երկրների ներսում իրավասության իրականացման կարգի հարցում. մարդու և ժողովրդի իրավունքների պաշտպանությունն այդուհետ դարձավ պետությունների ներքին քաղաքականության և միջազգային իրավակարգի անկյունաքարերից մեկը:
Եվ պատահական չէ, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում ուղղակիորեն, որպես համընդհանուր չափանիշ սահմանվել է նաև պետական իշխանության դեմ ժողովրդի ապստամբելու իրավունքը, եթե այն բռնապետական է և ժողովրդին ենթարկում է բռնաճնշումների: Ճիշտ է, Հռչակագիրը` որպես իրավական ակտ, չունի իրավապարտադիր ուժ հատկապես միջազգային իրավունքի ներկայիս կոնսեսուալ համակարգի պայմաններում, երբ միջպետական հարաբերություններում ընդունված որոշումների և իրավական ակտերի կատարման ապահովման հստակ կառուցակարգեր չկան, սակայն ՄԱԿ-ի ներքո ընդունված այս փաստաթուղթն ունի քաղաքական մեծ կարևորություն, քանզի ցույց է տալիս, որ պետությունների միջազգային համայնքի կողմից գոնե պաշտոնապես ընդունվում է ժողովրդաիշխանության սկզբունքը և պետական իշխանության սահմանափակվածությունը ժողովրդի կամքով, ով կարող է նաև հեռացնել բռնատիրական իշխանությանը:
Այս միտումը շարունակվեց զարգանալ, և աստիճանաբար ձևավորվեց նոր հայեցակարգ, որը նաև կրում էր ժողովուրդների ապագաղութացման պայքարի ազդեցությունը: Խոսքը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքին: Մեր խորին համոզմամբ՝ այն հանգում է ոչ միայն ազգային հանրույթի իրավունքին որոշակի հիմքերի առկայության դեպքում «մայր» պետությունից անջատմանը կամ ինքնավարության հաստատմանը, այլ նաև ժողովրդի` որպես պետական իշխանության ձևավորման հիմնարար ժողովրդավարական իրավունքի կրողի՝ իրավազորությունն ազատորեն իրացնելու իր հիմնարար սոցիալ-քաղաքական և մշակութային իրավունքները, որոնք ձևավորվում են անհատական մակարդակում, անձի իրավունքներից և կազմում ժողովրդի կոլեկտիվ իրավունքները:
Ինչպես արտահայտվում են շատ մասնագետներ, «ժողովուրդ» կամ «ազգ» եզրույթն ունի նախևառաջ քաղաքական իմաստ և ներկայացնում է տվյալ աշխարհագրական տարածքում բնակվող հանրությունը, ով ներառնված է պետական իշխանության բարձրագույն մարմիններում և (կամ) ձևավորել է դրանք: Եթե տվյալ հանրույթը ներկայացված չէ պետաիշխանական հիմնական մարմիններում կամ զրկված է դրանք ձևավորելու իրավունքից, ուրեմն նա կարծես դառնում է «առանձին ժողովուրդ», ով ձեռք է բերում իր խախտված իրավունքները վերականգնելու պահանջի իրավունք կառավարության նկատմամբ[12]: Ի՞նչ է սա նշանակում: Ինքնորոշման իրավունքը քաղաքական իրավունք է, որի էությունը ժողովրդի` որպես քաղաքական միավորման կողմից պետական իշխանության ձևավորմանը մասնակցություն ունենալն է և սեփական հիմնարար իրավունքների իրացումն ու պաշտպանության երաշխավորումը թե՛ անհատական և թե՛ կոլեկտիվ մակարդակներում: Եթե խախտվում են որևէ պետության տարածքում կոմպակտ բնակվող ազգային հանրույթի նշյալ իրավունքները, այն կա՛մ պահանջում է ինքնավարություն այդ պետության կազմում, կա՛մ առանձնացում և սեփական պետության ստեղծում:
Եթե խախտվում է ամբողջ ժողովրդի` տիտղոսային սուվերենի ինքնորոշման իրավունքը, ապա այդ ժողովուրդն իրավասու է դադարեցնել իշխող սուբյեկտի կամ սուբյեկտների լիազորություններն ընդհուպ ապստամբության միջոցով: Ավելին, ժամանակակից քաղաքագիտությունում ապստամբության իրավունքն արդեն սկսել է ընկալվել որպես ժողովրդաիշխանության իրականացման ձև, որը գործադրվում է արտակարգ իրավիճակներում[13]:
Ազգերի կամ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ստացել է նորմատիվ ամրագրում միջազգային-իրավական մի շարք ակտերում, որոնք ունեն պարտադիր իրավաբանական ուժ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար: Օրինակ, 1966թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, որի հենց 1-ին հոդվածում տեղ է գտել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Վերոդրյալի ներքո Դաշնագրով հասկացվում է ժողովրդի իրավունքն ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակն ու իրականացնելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը, տնօրինելու երկրի բնական հարստությունն ու ռեսուրսները:
Ժողովրդավարության տեսության մեջ և միջազգային իրավունքում տեղի ունեցող զարգացումները որոշակիորեն արտացոլվել են նաև ազգային սահմանադրություններում: Օրինակ, Գերմանիայի հիմնական օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է Գերմանիայի ժողովրդի իրավունքը դիմադրություն ցույց տալու յուրաքանչյուրին, ով կփորձի վերացնել սահմանադրական կարգը:
Նմանատիպ ձևակերպումներ կան նաև Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լիտվայի և մի շարք այլ երկրների սահմանադրություններում: Դա նշանակում է, որ ժողովրդի կողմից իր իշխանության իրականացման հարցում աստիճանաբար ձևավորվում է միտում, որով ստեղծվում են գործուն հիմքեր՝ իր նախաձեռնությամբ ձեռնարկելու հակազդման միջոցներ այն դեպքերում, երբ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, այսինքն ժողովրդի կողմից պետական իշխանության պատվիրակման կարգի խախտմամբ պետաիշխանական մարմինների ձևավորում, և (կամ) ժողովրդի կողմից ձևավորված պետական իշխանությունը գործում է ժողովրդի շահերին հակառակ և խախտում նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները:
Փաստացի, ժողովրդի ապստամբության իրավունքի ճանաչումն ամբողջական և գործուն է դարձնում ժողովրդաիշխանության վերաբերյալ նորմ-սկզբունքը, որն այս կամ այն կերպ ամրագրված է սահմանադրությունների մեծ մասում. եթե կա իրավունք, այն է` ժողովրդի իրավունքն ի շահ իրեն ձևավորելու պետական ինստիտուտներ և նրանց պատվիրակելու իրեն պատկանող իշխանությունը, ուրեմն այդ իրավունքի խախտումը պետք է հանգեցնի իրավական հետևանքների` այն է` ժողովրդի կողմից ոչ լեգիտիմ պետական ինստիտուտների նորովի ձևավորում, այդ թվում՝ ապստամբության միջոցով և դրա արդյունքում:
Ապստամբության իրավունքի բովանդակությունն ու իրացման պայմանները
Ցանկացած իրավունք բացարձակ չէ և ունի իրացման պայմաններ ու սահմաններ: Բացառություն չէ նաև ժողովրդի ապստամբության իրավունքը: Այլ հարց է, որ վերջինս, լինելով զարգացող իրավական-քաղաքական ֆենոմեն, դեռևս չունի ավարտուն և որոշակի բնույթ, հետևապես այս իրավունքի իրացման սահմանների և պայմանների հարցը շարունակում է մնալ իրավական և քաղաքական տեսության ու պրակտիկայի` վերջնական լուծում չստացած խնդիրներից մեկը: Ուստի մենք ձեռնպահ կմնանք այս կապակցությամբ վերջնական ճշմարտության հավակնող դատողություններ անելուց և կսահմանափակվենք խնդրահարույց հարցերի վերհանմամբ ու հիփոթեզների առաջքաշմամբ:
Այսպես, տեսական և գործնական մեծ հետաքրքրություն է այն հարցը, թե որքան պետք է լինի ապստամբության ակտի մասնակիցների թվաքանակը, որպեսզի ապստամբները լեգիտիմ իրավունք ունենան հանդես գալու ամբողջ ժողովրդի անունից: Գիտական աշխարհում կարծիք կա, որ նման քանակական չափանիշի առաջադրումը որևէ առարկայական արդյունքի հանգեցնել չի կարող, քանզի ապստամբությունը «մաքուր» իրավական գործընթաց չէ, և այստեղ մեծ դեր ունի նաև քաղաքական ասպեկտը, որը չունի խիստ չափելի պարամետրեր:
Ի տարբերություն ընտրությունների, որոնք իրավաբանորեն խստորեն կանոնակարգված գործընթաց են, և հնարավոր է ճշտորեն հաշվարկել ընտրողների քանակն ու տրված ձայները, ապստամբությունը տարերայնորեն սկիզբ առնող և ընթացող գործընթաց է, որը չի տեղավորվում ընթացիկ օրենսդրության շրջանակներում և իր հիմքում ունի միայն Սահմանադրությունն ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված հիմնական իրավունքները:
Բնական է, որ ապստամբությունը չի կարգավորվում ու չի էլ կարող հստակորեն կարգավորվել ընթացիկ օրենսդրության նորմերով և ունենալ որոշակի իրավական ընթացակարգ: Չպետք է մոռանալ, որ այն գործընթաց է, որում առկա են մրցակցող և հակադիր շահառուներ` մի կողմից իշխանությունն ուզուրպացրած կամ հասարակության կենսական շահերին հակասող գործունեություն իրականացնող վարչախումբը, իսկ մյուս կողմից ժողովուրդը` քաղաքացիները, որոնք պայքարում են իրենց սուվերեն իրավունքների վերականգնման համար: Դա նշանակում է, որ պետական իշխանությունը, որը փաստացի ձեռք է բերվում և իրականացվում որոշակի քաղաքական խմբի կողմից, չի ընդունի իր իշխանությունը վտանգող օրենք, որով կկարգավորի իր դեմ ապստամբության իրականացման կարգն ու պայմանները` այդպիսով պաշտոնապես ճանաչելով ժողովրդի ապստամբության իրավազորությունը: Նման պայմաններում ապստամբության դիմած ժողովրդական զանգվածների թվակազմը որոշելն անհնար է, ինչը բացատրվում է նաև ապստամբների թվի տատանվող բնույթով. ապստամբության ընթացքում նրանց թիվը կարող է համալրվել կամ պակասել` կախված պայքարի ընթացքից, արդյունքներից և այլ հանգամանքներից:
Ի վերջո, ապստամբության` որպես ժողովրդի լեգիտիմ իրավունքի և խռովության`իբրև սահմանադրական կարգի բռնի տապալմանն ուղղված հանցագործության օբյեկտիվ սահմանն անցնում է քաղաքական արդյունքի եզրագծով. հաջող ապստամբությունը հանգեցնում է ռեժիմի և վարչակազմի փոփոխության, իսկ տապալված ապստամբության արդյունքում վերջինս արդեն պետական իշխանության կողմից որակվում է որպես սահմանադրական կարգի բռնի տապալման փորձ` դրանից բխող քրեաիրավական հետևանքներով` ապստամբության առաջնորդների ու մասնակիցների բանտարկություն կամ մահապատիժ, գույքի բռնագրավում և այլն[14]: Ուստի շատ գիտնականներ գտնում են, որ առավել նպատակահարմար է ժողովրդի ապստամբության իրավունքը բխեցնել անհատի ապստամբության իրավունքից, քանզի նախ քանակական առումով ամբողջ ժողովրդի շահի որոշումը հնարավոր չէ, և նման մոտեցումը բխում է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից[15]:
Մեր կարծիքով՝ այս դեպքում ևս պետք է ղեկավարվել ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկով` մեծամասնության սկզբունքով: Այս սկզբունքը գործում է ինչպես ընտրությունների կամ հանրաքվեի ժամանակ, այնպես էլ ապստամբության պարագայում ևս պետք է լինի որոշիչ: Թե ինչպես պրակտիկորեն կիրառել այս սկզբունքն ապստամբության գործընթացի նկատմամբ, այլ հարց է: Որպես հիպոթեզ կարելի է առաջադրել այն գաղափարը, որ, եթե ի հակակշիռ պետական իշխանության դեմ ապստամբության դուրս եկած մարդկանց բազմության` քաղաքական ակցիայի դուրս չեն գալիս առնվազն մոտավորապես նույնաքանակ իշխանամետ քաղաքացիներ, ուրեմն մենք գործ ունենք ապստամբության նկատմամբ հասարակության մեծամասնության լռելյայն համաձայնության հետ (որը կարող է դրսևորվել նաև անհնազանդության պասիվ վարքագծով` հարկեր վճարելուց խուսափել, իրավասու պաշտոնյաների հրամաններին չենթարկվել և այլն), ինչը լեգիտիմացնում և քաղաքականացնում է այդ գործընթացը: Այսինքն ապստամբության ժամանակ պետք է ձևավորված լինի քաղաքական մի իրավիճակ, երբ կա՛մ քաղաքացիների մեծամասնությունն ակտիվ կամ պասիվ կերպով կողմ է ուժի գործադրմանը, կա՛մ ապստամբության դիմած անձինք ողջամիտ վստահություն ունեն առ այն, որ հասարակության մեծամասնությունը կողմ կլինի ապստամբությանը, եթե իմանա այդ ակտի կիրառման համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին:
Ի վերջո, ինչպես դիպուկ նշել է քաղաքագետ Ջորդան Պաուստը, հեղափոխությունը (մեր դեպքում` ապստամբությունը (ընդգծումն իմն է)) սկսվում է ոչ թե նրանից, որ ինչ-որ ազդեցիկ ուժ գրոհում է պետությունը, այլ այն ժամանակ, երբ հեղափոխության ակտիվ և պասիվ (պոտենցիալ (ընդգծումն իմն է)) մասնակիցները հանկարծակի գիտակցում են, որ այդ պետությունն այլևս չկա[16]: Մյուս կողմից, ապստամբության լեգիտիմության համար, մեր կարծիքով, այնուամենայնիվ, կարևոր է ապստամբների նվազագույն բավարար թվաքանակի առկայությունը, որը, քանակապես ճշգրտորեն չափելի չլինելով հանդերձ, պետք է ակներևաբար ազդեցիկ լինի միջին վիճակագրական քաղաքացու համար: Օրինակ, Հայաստանում անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած իրադարձությունները, մեր կարծիքով, չեն կարող համարվել ապստամբություն և որպես քաղաքական ակտ, դրանք առավել մոտ են խռովության գործողություններին, քանզի «Սասնա ծռեր» խմբավորման անդամները և նրանց աջակցող քաղաքացիները բավարար չէին համարում ապստամբության լեգիտիմության համար անհրաժեշտ նվազագույն քանակական շեմը, որի մասին խոսվեց վերևում:
Ապստամբության իրավունքի նպատակը ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումն է կամ վերականգնումը: Վերջինս իրավական պետության էությունը հանդիսացող իշխանակարգ է, որը գործում է ժողովրդի ինքնորոշման, ազատության և հավասարության սկզբունքների հիման վրա ու ժողովրդի մեծամասնության կամքին համապատասխան:
Ժողովրդավարական սահմանադրական կարգի համակարգային տարրերն են՝ ժողովրդաիշխանությունը, կանոնավոր, ազատ և արդար ընտրությունները, Սահմանադրության գերակայությունը, իշխանությունների տարանջատումը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, բազմակարծությունը, բազմակուսակցականությունը, կառավարության հաշվետվողականությունը, վարչարարության իրավաչափությունը, դատարանների անկախությունը: Սահմանադրական կարգն իր ամբողջության մեջ ժողովրդի կոլեկտիվ կամքի դրսևորումն ու արդյունքն է, ուստի ժողովուրդը` որպես սահմանադիր իշխանության կրող և տարբեր պետական մարմինների ձևավորման սոցիալական նախահիմք, իրավունք ունի ապստամբել այն պետական ինստիտուտների կամ պաշտոնատար անձանց դեմ, ովքեր խախտում են սահմանադրական կարգը և, հետևաբար, ընդդիմանում են ժողովրդի հիմնարար կամքին:
Ապստամբության իրավունքը ժողովրդի մոտ ծագում է ոչ միայն սահմանադրական կարգի տապալման դեպքում, այսինքն, երբ պետական իշխանությունը բռնազավթվում կամ իրականացվում է հասարակության կենսական շահերին հակառակ, այլ նաև այն ժամանակ, երբ սահմանադրական կարգն արդեն իսկ վտանգի տակ է: Նշված երկու դեպքերում էլ բավական է իշխանազոր սուբյեկտների կողմից ոտնձգությունը սահմանադրական կարգի վերոնշյալ տարրերից գոնե մեկի դեմ: Սակայն պետական իշխանությունն իրականացնող սուբյեկտների կողմից յուրաքանչյուր իրավախախտում կամ սխալ քաղաքական քայլ չի հանգեցնում ժողովրդի ապստամբության իրավունքի առաջացմանը, օրինակ, զինված ուժերի սպայի ապօրինի հրամանը, պառլամենտի կողմից վիճահարույց օրենքի ընդունումը, դատարանի կողմից որևէ քաղաքացու ապօրինի դատապարտումը և այլն: Այս կապակցությամբ հարկ է հստակ տարբերել ապստամբության պատճառը և առիթը: Ապստամբության առիթ կարող է լինել ցանկացած, առաջին հայացքից նույնիսկ ոչ այդքան լուրջ կամ ծանր միջադեպը, ինչպես օրինակ, այնպիսիք, որոնք նշվեցին վերևում, ինչպես նաև Թունիսում սկսված ապստամբության առիթը, երբ փողոցային առևտրով զբաղվող մարդը, ի նշան փողոցային առևտրի արգելման որոշման, հրկիզեց իրեն: Սակայն այդ միջադեպը կամ միջադեպերը չեն լարող լինել ապստամբության պատճառը, որն անհամեմատ խորքային բնույթ ունի և կապված է պետական ինստիտուտների ձևավորման և գործունեության ապօրինի ու հակահասարակական բնույթի հետ:
Միևնույն ժամանակ ապստամբության լեգիտիմության համար պետական իշխանության մարմինների կողմից սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները պետք է ունենան համընդհանուր կամ առնվազն բազմակի բնույթ և իրենց էությամբ հանդիսանան պետական իշխանության կոպիտ ու համակարգված չարաշահում:
Ինչպես իրավացիորեն նշում է Ա. Կաուֆմանը, ապստամբության իրավունքը կարող է ծագել միայն սահմանադրական կարգի հիմնարար խախտումների պարագայում, երբ պետությունը միանշանակորեն իրեն դրսևորում է որպես ագրեսոր, որը ոտնակոխ է անում հանրային շահն ու բարիքը, կոպտորեն խախտում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները. պետական իշխանության գործողությունների անօրինականությունը պետք է գրված լինի նրա ճակատին[17] : Նմանատիպ խախտման օրինակ են` ընտրությունների կեղծումը պետական իշխանությունը տիրապետող քաղաքական ուժի կողմից, ակնհայտ անարդար տնտեսական քաղաքականությունը, պետության ինքիշխանությունը վտանգող արտաքին-քաղաքական որոշումները և այլն:
Բայց անգամ նման իրողությունների պայմաններում ժողովրդի ապստամբության իրավունքը լեգիտիմ կհամարվի, եթե նման գործողության դիմելը հանդիսանում է վերջին հնարավոր միջոցը ժողովրդի կողմից սահմանադրական կարգը պահպանելու կամ վերականգնելու համար: Սրա պատճառն այն է, որ ժամանակակից սահմանադրական պետությունը ենթադրում է ոչ միայն կենսունակ պետաիշխանական համակարգ, այլև արդյունավետ գործող, ինքնակազմակերպվող և ինքնակարգավորվող հասարակական ինստիտուտներ և ակտիվ քաղաքացիական հասարակություն: Պետությունում հասարակական-քաղաքական կոնֆլիկտները ենթադրում են նախևառաջ քաղաքակիրթ և ոչ բռնի լուծումներ` իրավական և քաղաքական գործիքակազմերի կիրառմամբ:
Քաղաքական կուսակցությունները, արհեստակցական միությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև պետական իշխանության ոչ քաղաքական մարմիններ համարվող դատարանները Սահմանադրական դատարանի գլխավորությամբ պետք է գոնե իդեալականում հանդիսանան ներհասարակական և հասարակություն-պետական իշխանություն կոնֆլիկտների հանգուցալուծման միջոցներն ու հարթակները: Միայն նշյալ ինստիտուտների անգործության կամ անարդյունավետության պարագայում է, որ ժողովուրդն իրավասու է կիրառել իր զինանոցում մնացած վերջին «զինատեսակը»` անմիջական ժողովրդավարության միջոց ապաստամբության իրավունքը:
Այլ կերպ ասած` ապստամբությունը համարվում է լեգիտիմ այն ժամանակ, երբ ժողովրդի և պետական իշխանության մարմինների միջև հակամարտությունում միջանկյալ-հաշտեցնող օղակներ-ինստիտուտներ չկան, կամ դրանք ակնհայտորեն անարդյունավետ են: Ընդ որում, քաղաքական պայքարի ինստիտուցիոնալ և ոչ բռնի միջոցների անարդյունավետությունը կարող է միայն բացահայտվել դրանց նախնական կիրառման և սպառման պարագայում, երբ ակնառու է դառնում, որ հասարակությունն սպառել է ոչ բռնի պայքարի բոլոր միջոցները: «Վերջին միջոցի» պայմանը տեղ է գտել ինչպես մի շարք ականավոր փիլիսոփաների աշխատություններում, այնպես էլ միջազգային իրավական ակտերում[18]:
Հարկ է նաև անդրադառնալ ժողովրդի ապստամբության իրավունքի իրացման շրջանակներում թույլատրելի գործողությունների կամ անգործության խնդրին: Այս համատեքստում ճիշտ է ապստամբությունը դիտարկել մարդու կողմից սեփական խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների հետ նույն հարթությունում: Իսկ եթե այդպես է, ուրեմն պետք է հաշվի առնել խախտված իրավունքի ինքնապաշտպանության միջոցների համաչափության պահանջը, որն իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է:
Իրավագետներն ապստամբության իրավունքի վերաբերյալ կարծիք են հայտնում, որ այն, ըստ էության, անձի ինքնապաշտպանության կամ լայն իմաստով անհրաժեշտության բնական իրավունքի առանձնահատուկ կամ կոլեկտիվ դրսևորում է[19]: Իսկ դա նշանակում է նաև, որ ինքնապաշտպանության կամ անհրաժեշտության իրավունքը, որի մաս կամ դրսևորում է հանդիսանում նաև ժողովրդի ապստամբության իրավունքը, բնականորեն պետք է համապատասխանի և ներդաշնակի այն իրավախախտ վարքագծի բնույթին և գործողության կամ գործողությունների ծանրությանն ու վտանգավորությանը, որոնց կանխմանը կամ խափանմանն է ուղղված ինքնապաշտպանությունը կամ ծայրահեղ անհրաժեշտությամբ թելադրված կանխարգելիչ ակտը:
Դա կոչվում է համաչափության սկզբունք: Ապստամբության պարագայում համաչափության սկզբունքը չի բացառում ապստամբների կողմից այնպիսի գործողությունների կատարում կամ անգործության դրսևորում, որոնք օրենքով համարվում են իրավախախտում կամ նույնիսկ հանցագործություն, այդ թվում՝ ուժի կիրառում անձանց կամ գույքի նկատմամբ: Ինչպես քրեական կամ վարչական իրավունքում անձի կողմից արտաքուստ հանցագործություն կամ զանցանք դիտվող ակտը կարող է արդարացվել անհրաժեշտ պաշտպանությամբ կամ ծայրահեղ անհրաժեշտությամբ, այնպես էլ ապստամբության ժամանակ քաղաքացիների` արտաքինից իրավախախտ վարքագիծն արդարացվում է պետական իշխանության ապօրինի և ժողովրդի շահերին արմատապես հակասող գործունեության դեմ ինքնապաշտպանության անձնական և կոլեկտիվ իրավունքով:
Միաժամանակ, համաչափության սկզբունքի պահանջով ապստամբների կողմից պետք է կիրառվեն հակազդող այնպիսի միջոցներ, որոնք կլինեն հնարավորինս մեղմ և չեն պատճառի այնպիսի վնաս, որը չի արդարացվի ապստամբության հետապնդած նպատակով, այն է` ժողովրդավարական սահմանադրական կարգի պաշտպանությամբ կամ կլինի ավելի մեծ, քան պահանջվում էր կոնկրետ իրավիճակում: Օրինակ, եթե հնարավոր է ապստամբող ժողովրդական զանգվածի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանին կամ բանակի զինվորին չսպանել կամ նրանց վնասազերծել առանց առողջությանը զգալի վնաս պատճառելու, ապա ապստամբները պարտավոր են գործել հենց այդպես, այլապես նրանց գործողություններն արդեն կդիտվեն հանցավոր, և պետությունը ներկայացնող ինստիտուտները կամ անձինք լեգիտիմ իրավունք կստանան ընդհուպ մահաբեր ուժ կիրառել ապստամբների նկատմամբ:
Ամփոփում
Ամփոփելով փաստենք, որ ժողովրդի կողմից ապստամբության իրավունքի իրացումը, անկախ դրա արդյունքներից, մարտահրավեր է ցանկացած պետության սահմանադրական կարգին, այդ թվում՝ քաղաքական համակարգի և քաղաքական ռեժիմի լեգիտիմությանը: Ժողովրդական ապստամբությունն այն հայելին է, որն արտացոլում է պետության ողջ կառուցակարգի, պետական կառավարման սահմանադրական համակարգի խաթարվածությունը, հասարակություն-պետություն կապի խզվածությունը:
Ասպտամբությունը մի երևույթ է, որտեղ միախառնվում են իրավունքն ու քաղաքականությունը, հետևաբար ասպտամբությանը հակազդող պետական իշխանության ինստիտուտների կողմից ավանդաբար ձևական իրավունքին ապավինելը բնավ լավագույն լուծումը չէ, քանզի ապստամբության և ոչ թե սովորական խռովության պարագայում իշխող վարչակազմը գործ ունի ոչ թե հասարակության ինչ-որ ծայրահեղական փոքրամասնութան, այլ բուն իրավունքն ու սահմանադրական պետական համակարգը ստեղծող և իշխանության իրական աղբյուր հանդիսացող ժողովրդի ուժի հետ: Վերջինս ևս, սակայն, չպետք է դառնա «խելագարված ամբոխ» և ավերիչ ուժ, այլ պետք է հանդես գա որպես սեփական կեցության միջավայրը վերափոխող-բարեկարգող սուբստանց: Սրանից հետևում է, որ ապստամբության` ի շահ պետականության հանգուցալուծումը պահանջում է սողոմոնյան որոշումների ընդունում ինչպես իշխող վարչակազմի, այնպես էլ ապստամբների կողմից: Ապստամբությունն իրապես պետք է հանդիսանա հասարակության ինքնորոշման և պետականության բնականոն զարգացումը վերականգնելու ամենավերջին և ծայրահեղ միջոցը, որի միակ նպատակը պետք է լինի սահմանադրականության և պետական իշխանության լեգիտիմության վրա հիմնված հասարակական խաղաղության ու համերաշխության վերահաստատումը:
Արտաշես Խալաթյան
ԵՊՀ ասպիրանտ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1]Հեղափոխությունը, որպես ժողովրդի ընդվզման տարատեսակ, շատ ավելի ընդգրկուն բնույթ ունի և կապված է հասարակական-տնտեսական ֆորմացիայի և դրա վրա հիմնված պետական կարգի հիմնահատակ փոփոխության հետ, օրինակ, 1688թ. Անգլիայի Փառահեղ հեղափոխության և 1789թ. Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքում սկսվեց ֆեոդալական հասարակական-տնտեսական կացութաձևի և դրա վրա հիմնված միապետական կառավարման ձևի ապամոնտաժման գործընթացը, որին փոխարինելու եկան կապիտալիստական կացութաձևն ու դրա վրա կառուցված պետական վերնաշենքը՝ հանրապետությունը: Քանի որ հեղափոխությունն իր բնույթով էապես տարբերվում է ապստամբությունից, այն կներկայացնենք առանձին հոդվածով:
[2] Տե’ս Локк Дж., Два трактата о правлении էջ 57, https://www.civisbook.ru/files/File/Lokk_Traktaty_2.pdf
[3] Տե’ս Etzioni A., Common Good, էջ 1, https://pdfs.semanticscholar.org/f321/69cf59dc05338ac8673d26a5367df5601b6e.pdf
[4] Տե’ս История политических и правовых учений, под общ. ред. Нерсесянца В.С., Москва 2005, էջ 378
[5] Տե՛ս նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք, գիրք առաջին, պատասխանատու խմբագիր` Այվազյան Ն.Ա. , Երևան 2016թ., էջ 129, 216-217, Малахов В. Вооброзить ,,народ,,, литературный и политический журнал Отечественные записки, http://www.strana-oz.ru/2012/2/voobrazit-narod
[6] Տե՛ս Modal P. Aristotle’s Theory of Revolution: Causes and Methods to Prevent Revolution, http://www.yourarticlelibrary.com/politics/aristotles-theory-of-revolution-causes-and-methods-to-prevent-revolution/40126/
[7] Տե՛ս Нерсесянц В.С. , Общяя теория государства и права, Москва, 1999 г., էջ 299
[8] Տե՛ս Локк Дж., նշվ. աշխ. էջ 57-78, 92
[9] Տե՛ս The Unanimous Declaration of the Thirteen United States of America, 4 July 1776, http://www.ushistory.org/declaration/document/
[10] Տե՛ս, օրինակ, District of Columbia v Heller, Supreme Court of the United States, 128 S.Ct. 2783 (2008)
[11] Տե՛ս Wayment Andrew M., The Second Amendment: A Guard For Our Future Security, Idaho Law Review, http://www.constitution.org/lrev/rkba_wayment.htm
Second Amendment, Legal Information Institute, Cornell University Law School, https://www.law.cornell.edu/wex/second_amendment,
[12] Տե՛ս նաև Gudeleviciute V., Does the Principle of Self-determination Prevail over the Principle of Territorial Integrity?, International Journal of Baltic Law, Vytautas Magnus University School of Law, Volume 2, No. 2 (April 2005), Paust. J. International Law, Dignity, Democracy, and the Arab Spring / Cornell International Law Journal. – 2013. – № 1., էջ 2
[13] Տե՛ս Ginsburg T., Lansberg-Rodriguez D., Versteeg M. When to Overthrow Your Government: The Right to Resist in the World’s Constitutions // Virginia Public Law and Legal Theory Research Paper. – 2012. – № 406. , էջ 6
[14] Տե՛ս նաև Погребняк С., Уварова Е. Сопротивление угнетению. Восстание. Революция (теоретико-правовой анализ в свете доктрины прав человека), 2013, file:///C:/Users/User/Desktop/Pohrebniak_Uvarova_2013-2.pdf
[15] Տե՛ս նույն տեղում:
[16]Տե՛ս Paust J. International Law, Dignity, Democracy, and the Arab Spring /Cornell International Law Journal. – 2013. –№ 1., էջ 14
[17] Տե՛ս Kaufmann A. Small Scale Right to Resist. – New England Law Review. – 1985-1986. – Vol. 21:3. – Р. 574
[18] Տե՛ս, օրինակ, Локк Дж., նշվ. աշխ., էջ 133, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբան և այլն:
[19] Տե՛ս Погребняк С., Уварова Е., նշվ. աշխ., էջ 41