Բաժիններ՝

Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել է դժոխքով՝ մինչև փետրվարի 15-ի կեսօր պատանդներին ազատ չարձակելու դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է բաց թողնի իր մոտ պահվող բոլոր իսրայելցի պատանդներին մինչև փետրվարի 15-ի կեսօր, այլապես ինքը կառաջարկի չեղարկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը և «թույլ կտա, որ դժոխքը վրա հասնի»։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայել վերադարձված պատանդների վերջին խմբի վիճակի, ինչպես նաև պատանդների ազատ արձակումը հետաձգելու մասին ՀԱՄԱՍ-ի վերջին հայտարարության առնչությամբ։

«Իմ տեսանկյունից, եթե բոլոր պատանդներին չվերադարձնեն մինչև շաբաթ օրը, ժամը 12-ը, կարծում եմ, որ դա հարմար ժամանակ է, ապա ես կասեի՝ չեղարկեք դա և դադարեցրեք բոլոր խաղադրույքները, և թող դժոխքը վրա հասնի: Ես կասեի, որ նրանք պետք է վերադարձվեն մինչև շաբաթ օրը ժամը 12-ը», – ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել, որ ազատ արձակվեն բոլոր պատանդները միասին, ոչ թե փոքր խմբերով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հաստատել էր Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և այն վերականգնելու իր մտադրությունը։ Նա նաև չի համարում, որ պաղեստինցիները կարող են վերադառնալ անկլավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս