Ռոբոտ-լրագրողը 1 վայրկյանում հոդված է գրել
Մինչ մեդիաբնագավառի փորձագետները բանավիճում են լրագրողի մասնագիտության ապագայի շուրջ, իսկ տասնյակ հազարավոր ուսանողներ ամբողջ աշխարհում ուսանում են պրոֆիլային ֆակուլտետներում, Չինաստանում մշակված Սյաո Նյան անունով ռոբոտ-թղթակիցը տեղական օրաթերթում հրապարակել է իր դեբյուտային հոդվածը:
Ըստ China News գործակալության, Սյաո Նյանի՝ 300 հիերոգլիֆներից բաղկացած հոդվածը լույս Է տեսել Southern Metropolis Daily թերթում, որը թողարկվում է Գուանչժոու քաղաքում: Ռոբոտ-լրագրողն իր նյութը նվիրել է չինական մոտեցող Ամանորին՝ Չունցզեին, նախորդող ուղեւորությունների բումին:
Ռոբոտից մեկ վայրկյան է պահանջվել նյութն ավարտելու համար: Պեկինի համալսարանի պրոֆեսոր Վան Սյաոցզյունի խոսքով, որն զբաղվում է մեդիա-ռոբոտի մշակմամբ, Սյաո Նյանը կարող է գրել ինչպես կարճ, այնպես էլ բավականին երկարաշունչ տեքստեր:
«Հաստիքային թղթակիցների համեմատությամբ, Սյաոն տվյալները վերլուծելու եւ տեքստերն ավելի արագ գրելու զգալիորեն ավելի մեծ ունակությամբ է օժտված»,-նշում է պրոֆեսորը:
Սակայն, ինչպես հավելել է Վան Սյաոցզյունը, դա չի նշանակում, որ խելացի ռոբոտները մոտ ժամանակներս կկարողանան լիովին փոխարինել լրագրողներին:
Ռոբոտները դեռեւս չեն կարողանում հարցազրույց անցկացնել դեմ առ դեմ ձեւաչափով եւ լրացուցիչ հարցեր տալ: Այնուամենայնիվ, պրոֆեսորը լավատեսորեն Է տրամադրված նոր տեխնոլոգիաների ապագայի հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: