«Ադրբեջանի «սև ցուցակում» 168 լրագրող կա». Արա Ղազարյան
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունն ազատ խոսքի սահմանափակման դրսևորում է. «Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը շատ նման է Թուրքիայի ՔՕ-ի տխրահռչակ 301-րդ հոդվածին, որի վերաբերյալ տասնյակ դատական ակտեր կան, ողջ միջազգային հանրությունը քննադատում է այդ հոդվածը:
Եթե որևէ անձ, հատկապես՝ լրագրող, հետազոտող կամ քաղաքական գործիչ, քննադատական կարծիք է արտահայտում որևէ պետության վերաբերյալ, դա չի նշանակում ոտնձգություն նրա տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի դեմ, բայց Ադրբեջանն այդ քաղաքականությունն է որդեգրում, ինչ որ Թուրքիան որդեգրել է այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք քրդերի կամ հայերի հարցն են բարձրացրել»:
Հետևաբար, ըստ փաստաբանի՝ Ադրբեջանն այսպիսով ավելի ու ավելի է ներքաշվելու աշխարհակարգի դեմ. «Ադրբեջանը գնում է ազատ խոսքի կարգի դեմ, ու այս իմաստով՝ Լապշինի գործի առանցքը դառնալու է ազատ խոսքը: Սա հիմք է տալիս դիմելու Մարդու իրավունքների կոմիտե՝ խնդրելով կանխել արտահանձնումը, և հիմնավորել, որ, ամենայն հավանականությամբ, Լապշինը կենթարկվի խոշտանգումների: Իսկ դրանց հիմքում ընկած է ռասիզմը: Այսինքն՝ Լապշինը ենթարկվում է քրեական հետապնդման հայերի նկատմամբ բարյացակամ կարծիք արտահայտելու համար, այլ ոչ թե՝ հանցագործության»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի «սև ցուցակին», ապա փաստաբանը հետևյալն ասաց. «Ադրբեջանի «սև ցուցակում» 168 լրագրող կա, ինչն արդեն իսկ ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը չունի այն նպատակը, որի համար այն սահմանված է, այսինքն՝ հանցավորության դեմ պայքարը: Ադրբեջանի կողմից փորձ է արվում կիրառել Թուրքիայի 301 հոդվածի պրակտիկան, իսկ մարդու միջազգային իրավունքները մերժում են այդ գաղափարը»: