«Լավրովն ադրբեջանական կողմին «կատոկի տակ» գցեց». Արման Նավասարդյան

«Բելառուսիան հիմա 7 մլն դոլար է ստանում ԵՄ-ից, որպեսզի փախստականների համար ճամբարներ հիմնի, իսկ մենք այստեղ 20 հազարանոց փախստական ունենք, ու չգիտեմ՝ ինչ ենք ստանում դրսից: ԱԳՆ-ն օրեր առաջ ինձ դիտողություն արեց, թե նման օգնություն կա, բայց ես դա չեմ տեսել: Եթե չկա ինֆորմացիա, ապա դժվար է մանիպուլյացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նշելով, որ այս հարցը պետք է լուծում գտնի:

Եվ ընդհանրապես, դեսպանն այն կարծիքին է, որ պետք է օգտագործել միջազգային բոլոր հարթակները՝ առաջ մղելու համար Հայաստանի իրավունքների պաշտպանության խնդիրը:

Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին, ու այդ համատեքստում՝ Հայաստանին, դեսպանը նշեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը կօգնի ՀՀ շահերին: Ըստ նրա՝ շատ բան կախված է ՀՀ արտաքին քաղաքականության ուղղվածություններից.

«ՀՀ-ն այստեղ կարող է դառնալ այն դաշտը, որ կարող է մոտեցնել Ամերիկային ու ՌԴ-ին: Միգուցե սա հիպոթետիկ է հնչում, սակայն, լինելով փոքր երկիր՝ մենք ունենք հավասար հարաբերություններ բոլորի հետ ու հավասարակշռում ենք կապերն Ամերիկայի ու ՌԴ-ի միջև: Սա կարող է տնտեսական ու քաղաքական, ռազմական առումներով զարգացման հիմք հանդիսանալ: ՀՀ-ն պոստսովետական երկրներից միակն է, որ ի վիճակի է դա անել, քանի որ հանդիսանում է նաև ՀԱՊԿ անդամ ու համագործակցում է ոչ միայն Արևելքի հետ, այլև ՆԱՏՕ-ի. ՀՀ-ն ընդունվում է բոլորի կողմից, էլ չեմ ասում Իրանի մասին»:

Ա. Նավասարդյանի խոսքով՝ եթե ամերիկաիրանական կամ ամերիկաչինական հարաբերությունները սրվեն, ապա այստեղ ՀՀ-ն կոչված է խաղալու որոշակի դեր.

«Մենք կենտրոնանում ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց եղեռնի ճանաչման վրա, սակայն կան նաև այլ հարցեր. մաքոքային դիվանագիտությունը կարող է մեծ դեր խաղալ այս հարցում»:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, դեսպանն ասաց, որ ռուսական դիվանագիտությունն ունի «պրիոմներ», որ հարվածին ուժեղ հակահարված է տալիս.

«Լավրովն այդպիսով ադրբեջանական կողմին «կատոկի տակ» գցեց: Կա լուրջ դիվանագիտական դեմարշ՝ ասելու համար, թե ինչ է ղարաբաղյան հարցը, որ դա Ադրբեջանի ներքին իրավասությունների տակ չի մտնում, դա միջազգային խնդիր է: Սա կարծես թե փորձ է արվում սթափեցնելու Ալիևին, որը կարմիր գիծն անցնում է ու չի ցանկանում խաղալ այն կանոններով, որոնք դրվում են խնդրի լուծման համար. ես նկատի ունեմ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի որոշումները, որոնք անտեսվում են Ադրբեջանի կողմից ու փորձում ռազմական ճանապարհով լուծելու վրա շեշտադրում անել»:

Տեսանյութեր

Լրահոս