«Չեմ զարմանա, եթե Աստանան օգտագործվի՝ որպես հակահայկական ամբիոն». Արման Նավասարդյան

«Եթե Սիրիայի հարցում Ռուսաստանն ու Թուրքիան գնան համագործակցության, ապա Իրանի հետ լուրջ խնդիրներ կծագեն։ Շատ լուրջ դիվանագիտական բախումներ են ընթանում Իրանի և Թուրքիայի միջև. Թեհրանը մեղադրում է Անկարային, որ վերջինս ոչ թե պայքարում է ահաբեկչության դեմ, այլ քրդերի դեմ է պայքարում, պաշտպանում է ԻԼԻՊ-ի շահերը, ուզում է իր դիրքերն ամրապնդել Սիրիայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նկատելով, որ Աստանայում հունվարի 23-ին Սիրիայի հարցով կայանալիք ՌԴ-Թուրքիա-Իրան ձևաչափով բանակցություններում առանցքային դեր են գրավելու Ռուսաստանն ու Թուրքիան:

«Թուրքիան պահանջում է, որ Հըզբոլլահը դուրս գա Սիրիայից, ինչին դեմ է Իրանը։ Այստեղ մի շատ լուրջ խնդիր է ծագում` Իրանը գտնում է, որ իր թիկունքի հետևում Ռուսաստանն ու Թուրքիան վարում են ընդդեմ Իրանի քաղաքականություն, և կարող են տեղի ունենալ երևույթներ, որոնք կփոխեն ամբողջ տարածաշրջանի քաղաքական դեմքը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Ռուսաստանը ցանկանում է օգտագործել Աստանան և առաջ է բերում Նազարբաևին` որպես մի խաղացողի, որը փակում է Էրդողանի դաշտը Միջին Ասիայում.

«Ռուսաստանի համար ավելի լավ է Նազարբաևի նման դաշնակից ունենալ, քան էրդողանին թույլ տալ այնտեղ հզորացնել իր դիրքերը»։ Նավասարդյանն ընդգծեց, որ չի զարմանա, եթե Աստանան օգտագործվի՝ որպես հակահայկական ամբիոն. «Դրա համար պետք է ներկա գտնվել և պաշտպանել Հայաստանի շահերը»:

Միևնույն ժամանակ՝ նա հարցականի տակ է դնում Աստանայի գագաթաժողովի կայացումը, քանի որ նշում է՝ այնպիսի կարևոր խաղացող, ինչպիսին քրդերն են, հրավիրված չեն ու չեն մասնակցելու Աստանայի գագաթաժողովին, ինչը, ըստ նրա՝ նորմալ չէ.

«Կամ այնպիսի ուժեր են մասնակցելու, որոնք մի բանակցային սեղանի շուրջ չեն կարող գտնվել, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Իրանը»:

Տեսանյութեր

Լրահոս