Բաժիններ՝

«Միֆ է, որ Հայաստանի օրինական բիզնես-դաշտը վատն է». հայրենադարձները ներկայացնում են իրենց հաջողված բիզնես-ծրագրերը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սփյուռքահայերը ներկայացրին իրենց հաջողության պատմություններն այն մասին, թե ինչպես են վերադարձել հայրենիք ու բիզնեսներ հիմնել:

«2010 թվականին եմ տեղափոխվել Հայաստան, դրանից առաջ մոտ 30 տարի ապրել եմ Ռուսաստանում։ 2012 թվականի օգոստոս ամսին հիմնել ենք «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia), որի հիմնական թիրախը սփյուռքահայերն են, որոնք կամավոր և գիտակցաբար որոշում են կայացնում տեղափոխվել Հայաստան։ Մենք անցկացնում ենք ֆորումներ Հայաստանից դուրս, որոնք միայն հայրենադարձության մասին չեն, այլ տարբեր ծրագրերով նրանց փորձում ենք կապել Հայաստանին: Նաև անհատապես աշխատում ենք այն մարդկանց հետ, որոնք որոշել են տեղափոխվել Հայաստան: Օգնում ենք աշխատանք գտնելու, մասնագիտությունը փոխելու, բիզնես հիմնելու հարցերում: Տարեկան մոտ 1000-1500 մարդ կամավոր տեղափոխվում է Հայաստան։ Սիրիահայերին չենք մտցնում այս ցուցակի մեջ»,- ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) համահիմնադիր Վարդան Մարաշլյանը:

Նա նշեց, որ Հայաստանում սփյուռքահայերը խնդիր չեն ունենում, քանի որ նրանց աշխատանքի մոդելն այլ է. «Խնդիրն այն է, որ ներքին շուկան փոքր է, մենք ունենք մենաշնորհներ, մրցակցության խնդիր, բայց շուկայի խնդիր էլ կա, հայրենադարձներն առավելություն ունեն: Կան ոլորտներ, որտեղ գործելն անհնարին է. հայրենադարձների առավելությունն այն է, որ դրսից են և այդ ասպարեզներում կարող են հնարավորություն ստեղծել, և արտահանման ուղղությամբ աշխատելն էլ խնդիր չէ»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Արմինե Փանոսեան-Ղազարեանը, 1,5 տարի առաջ որոշում է կայացրել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia) միջոցով Լիբանանից տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով: Նա նշեց, որ արդեն երկու ամիս է՝ իրեն է միացել նաև ամուսինը՝ Հայկ Նազարյանը, և միասին այստեղ բիզնես են հիմնել՝ «A+ Limbibe Skills » անգլերենի ուսուցման կենտրոն են բացել:

«Մասնակցել եմ հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումին, որտեղ ինձ օգտակար եղան խորհուրդներով, գաղափարներով: Արդեն մշտական ենք բնակվում, մասնագիտությամբ իմ աշխատանքն եմ գտել՝ անգլերեն էի դասավանդում։ Բայց իմ հեռանկարն անձնական ուսկենտրոն ունենալն էր, որը հիմնել եմ և առաջ եմ գնում»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ իրենց ուսումնական կենտրոնում հնարավոր է մեկ ամսում ստանալ TOEFL որակավորում, որը հնարավորություն կտա ցանկացած երկրում դասավանդել անգլերեն:

Շանթ Չակմակը Կանադայից է տեղափոխվել Հայաստան, իսկ ասուլիսին նա եկել էր մարզում արտադրվող ապրանքներով, որոնք իր ընկերության կողմից արտահանվում են տարբեր երկրներ: Նա նշեց, որ Բերդում փափուկ խաղալիք բրենդային արջ են կարում, Գյումրիի կանայք կավի կուժ ու բաժակներ են պատրաստում, սիրիահայերը հայոց այբուբենի տառերն են պատրաստում, և այլն: «Հիմա 200 կին ընդգրկված են, որոնք մեզ համար ապրանք են ստեղծում: Մեր հաճախորդները հիմնականում դրսից են. վաճառում ենք ՀՀ-ից դուրս՝ աշխարհի չորս կողմը, հատկապես՝ սփյուռքում»:

Արտյոմ Թադևոսյանը 20 տարի Մոսկվայում ապրելուց հետո որոշում է կայացրել հայրենիք վերադառնալ և չրագործությամբ է զբաղվում: «Բամբակաշատ գյուղում զբաղվում ենք օրգանական չրերի արտադրությամբ, շատ բարձր որակի չիր է, իսկ շուկան Ռուսաստանն է»:

Հայրենադարձ բիզնեսմենը նշեց, թե միֆ է, որ Հայաստանի օրինական բիզնես-դաշտը վատն է: «2012-ից արտահանմամբ եմ զբաղվում, ոչ մի խնդիր ո՛չ հարկայինների, ո՛չ մաքսայինի հետ չենք ունեցել, ընդամենը, ինչ արել ենք՝ մասնագետներ ենք ներգրավել ու օրենքի սահմանում աշխատել: Հիմնական խնդիրը եղել է մասնագետների պակասը. մասնագետներ չենք ունեցել, ստիպված մենք ենք այդ տեխնոլոգիաները մշակել: Եթե դու օրենքի դաշտում ես աշխատում, ոչ մի հարկային չի մոտենա և վատ բան չի ասի»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս