Փոլ Մաքքարթնին դատի է տվել Sony/ATV-ին իր երգերի իրավունքներն ստանալու համար
The Beatles-ի հիմնադիր Փոլ Մաքքարթնին դատի է տվել Sony/ATV ընկերությանը՝ ստանալու համար այն երգերի հեղինակային իրավունքները, որոնք նա գրել է խմբին մասնակցելու ժամանակ, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը։
Մաքքարթնիի հայցադիմումի համաձայն՝ ինքը 1962-ից մինչև 1971 թվականն ընկած ժամանակամիջոցում Ջոն Լենոնի հետ համահեղինակությամբ գրված երգերի իրավունքները փոխանցել է տարբեր հրատարակիչների: 1980-ական թվականներին երգիչ Մայքլ Ջեքսոնը գնել է Yesterday, Hey Jude և Let It Be երգերի իրավունքները:
Այնուհետև նա դրանք բաժանել է Sony/ATV ընկերության հետ: Ջեքսոնը մահացել է 2009 թվականին, իսկ անցյալ տարի այդ երգերի իրավունքները լիովին անցել են Sony-ին: Մաքքարթնին հուսով է, որ իր ստեղծագործությունը կկարողանա վաճառել 2018 թվականի հոկտեմբերի 5-ից ոչ ուշ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: