Բաժիններ՝

Կառավարությունը ցանկանում է օտարերկրյա ներդրումների կտրուկ աճ ապահովել

Վարչապետ Կարեն Կարապետյանը իր երեկվա ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Ստորև ներկայացնում ենք ներդրումների ոլորտի պատկերը՝ ըստ  կառավարության 100 օրվա գործունեության արդյունքների հաշվետվության։

Ախտորոշում

Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակը: Սակայն, 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ-ի դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3%-ն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ:

Արդյունքում

– Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունը մնում է խիստ սահմանափակ,

– Հայաստանի տնտեսությունը զրկվում է` օտարերկրյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշակույթի մուտքի հնարավորությունից,

– Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցունակությունը:

Երկարաժամկետ լուծումներ

Տեսլական. Օտարերկրյա ներդրումների` ներկայիս ՀՆԱ-ի 1-2% ցածր մակարդակից կտրուկ աճի ապահովում։

Այդ նպատակով պետք է առաջնահերթ լուծվեն ՀՀ կառավարության ծրագրով նախանշված հետևյալ խնդիրները՝

1. ներդրումների պաշտպանության և դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացում.

2. ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում.

3. Հայաստանի՝ որպես ներդրումների իրականացման ապահով և շահեկան վայրի ճանաչելիության բարձրացում:

Ինչ է արվել

1. Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ ստանդարտին հասցնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը: Այն կերաշխավորի ընդունված նորմը, որ օտարերկրյա ներդրողները պետք է ստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները, պետության կողմից իր գործառույթներն իրականացնելիս ներդրումների մասով կապահովվի արդարացի, ոչ խտրական, կանխատեսելի վերաբերմունք և վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման (արբիտրաժի) հնարավորությունը, այդ թվում` տեղական ներդրողների համար` վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի փոփոխության միջոցով: Ներկայումս արբիտրաժ հնարավոր է դիմել միայն ներպետական բոլոր միջոցներն սպառելուց հետո, ինչը հաճախ անհնար է դարձնում արբիտրաժ դիմելը:

2. Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի արդյունքում մարզերից ստացված ներդրումային ծրարգրերի հարթակի միջոցով հավաքվում են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն իսկ հավաքագրվել է շուրջ 160 քննարկման ենթակա ներդրումային ծրագիր, որոնցից մոտ 110-ը մարզերում (մոտավորապես 240 մլն դոլար արժողությամբ):

3. Իրականացված աշխատանքների արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կնդլայնեն թվով 8 ընկերություն, որոնք շուրջ 3 մլրդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն շուրջ 824 աշխատատեղեր:

4. Կազմակերպվել են հինգ ներդրումային համաժողովներ, որոնց ընթացքում ներկայացվել են Հայաստանում ներդրումների համեմատական առավելությունները և դրանց միջոցով բացվող հնարավորությունները` դեպի այն շուկաներ, որտեղ Հայաստանի համար սահմանված են առանձնահատուկ արտոնյալ առևտրային պայմաններ:

5. Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից նախագծվել և ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

Առաջիկա քայլեր

1. Հավաքագրված իրատեսական ներդրումային ծրագրերի իրակա- նացմանը նպաստելու նպատակով 2017 թվականի առաջին եռամսյակում կստեղծվի ներդրումային ֆոնդ: Նախատեսվում է, որ վերջինիս մասնակցությամբ կիրականացվեն առավել հեռանկարային և շահավետ ներդրումային ծրագրերը:

2. Գործարար հանրության հետ քննարկումների արդյունքների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա կներկայացվի Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) արդյունավետ մոդելը: Հայեցակարգի հիման վրա կմշակվի ՊՄԳ նոր օրենսդրություն, ինչը թույլ կտա ավելի հստակ և ընկալելի մեխանիզմներով իրականացնել ՊՄԳ, այդ թվում` ենթակառուցվածքային ծրագրերի մասով:

3. 2017 թվականի մարտին նախատեսվում է կազմակերպել հայ- էմիրաթական ներդրումային համաժողով, ինչպես նաև 2017 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակում՝ ներդրումային համաժողով Ֆրանսիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս