Պարույր Հայրիկյանին ԱՄՆ-ից աջակցություն են առաջարկել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար
«Աշխարհում չկա որևէ բանական մարդ, որ հնարավոր համարի, որ Հայրիկյանը՝ հայ ազգի ինքնորոշման առաջամարտիկը, իրենց համար որևէ բան անի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ Միացյալ Նահանգներում Պ. Հայրիկյանը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ի օգուտ նրանց Հայաստանում աշխատելու։
Պ. Հայրիկյանը նախ՝ նշեց, որ ինքը նման բան երբեք չի լսել, առաջին անգամ է լսում.
«Լսել եմ, որ Միացյալ Նահանգներում ինձ առաջարկել են աջակցել այս ընտրություններում, դա լսել եմ, բայց, որ ի օգուտ Ամերիկայի աշխատեմ, չեմ լսել։ Աշխարհում չկա որևէ բանական մարդ, որ հնարավոր համարի, որ Հայրիկյանը՝ հայ ազգի ինքնորոշման առաջամարտիկը, իրենց համար որևէ բան անի, հետևաբար՝ նման առաջարկ ընդհանրապես է բացառվում։
Ինչ վերաբերում է աջակցությանը, ժամանակին, երբ ես արտաքսված էի, ճանաչվել եմ Սովետական Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և առաջնորդ, ինձ իսկապես մեծ աջակցություն առաջարկվել է՝ որպես դեմոկրատիայի ջահակրի։ 1996 թվականին 300 հազարի հանգանակություն սկսեցին, բայց ես վերջին պահին դադարեցրի, եթե ես փորձառություն ունենայի, չէի դադարեցնի, ասացի՝ ավելի լավ է՝ պարտվեմ, քան դրսի օգնությամբ որևէ հաջողության հասնեմ։ Այս անգամ առաջարկություններ եղան նաև իմ հին ամերիկացի ընկերներից, որ իրենք պատրաստ են աջակցել, բայց իմ պատասխանը եղել է նույնը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։