Բաժիններ՝

«Ամանորին ալկոհոլի չարաշահումից 2 տղամարդ է մահացել». ՀՀ գլխավոր թունաբան

Այս տարվա տոնական օրերին թունավորումների քանակը պակաս է եղել անցյալ տարվանից։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ այս տարի մինչև այսօր սուր թունավորումների բաժանմունք են ընդունվել 30 հիվանդ, ինչն անցյալ տարվա համեմատ՝ պակաս է, անցյալ տարի 39 դեպք են ունեցել:

«Այս տարի թունավորումներից 10 դեպքերը եղել են ալկոհոլային թունավորումներ, անցյալ տարի՝ 15 դեպք: Գազի թունավորումից 6 դեպք եղել է այս տարի, 9 դեպք՝ անցյալ տարի: Այս տարվա թունավորումների քանակը պակաս է անցյալ տարվանից, չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված: Ցավալի է, որ ալկոհոլային թունավորումներն առաջնային են մնում: Այս տարի Ամանորի օրերին, ցավոք սրտի, ունեցել ենք 2 մահվան դեպք, քրոնիկ ալկոհոլիկներ էին, ուշացած դեպքեր էին, չհասցրեցինք փրկել: Անցյալ տարի այդ նույն ժամանակահատվածում մահվան դեպքեր չեն եղել: Մահացածները միջին տարիքի տղամարդիկ էին»,- նշեց Մ. Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ բոտուլիզմ այս տարի չի եղել, մինչդեռ անցյալ տարի ունեցել են 4 դեպք մինչև ամսի 13-ը. «2016 թվականին ալկոհոլային թունավորում ունեցել ենք 363 դեպք, ինչը բավականին մեծ թիվ է, ու գնալով այդ թիվը բարձրանում է, երբեք այդքան չի եղել: Դա կապված է սոցիալական պայմանների հետ: 2016-ին գազի թունավորման 85 դեպք է գրանցվել: Թունավորման քանակն անցյալ տարվա համեմատ՝ բարձրացել է»:

Հարցին էլ, թե Նոր տարին բաժանմունքում ստացվե՞ց նորմալ դիմավորել, թունաբանն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե ոչ, ընդհանրապես առաջին հիվանդը մեր բաժանմունքն է ընդունում: Այս տարի առաջին հիվանդին ընդունել ենք 12-ից հետո, ժամը 1-ի սահմաններում: Առաջին հիվանդն ուներ խմիչքի թունավորում»:

Կարդացեք նաև

Մ. Գաբրիելյանը նաև նշեց, որ 95 տոկոսով մայրաքաղաքի բնակիչներն են ալկոհոլային թունավորումներ ունենում։ Նա նկատեց, որ վերջին շրջանում ալկոհոլը չարաշահող կանանց թիվն է շատացել. «Քրոնիկ ալկոհոլիկ կանայք էլ կան, բայց նրանց թիվը քիչ է։ Երիտասարդների մոտ ալկոհոլի չարաշահման շատանալու միտումը կա, մանավանդ աղջիկների մոտ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս