
«Կարեն Կարապետյանի՝ ցուցակում լինել-չլինելու հարցը ներքին պայքարի նշաններ է ցույց տալիս». քաղաքագետ

«Պառլամենտական մոդելը խաղի կանոններն ամբողջովին փոխել է, ու Հայաստանի նախկին փորձը, երբ նախագահական ընտրություններն էին դառնում իշխանության ձևավորման գլխավոր գործընթացը, ու դրա միջոցով էլ հնարավոր էր գալ իշխանության, ամբողջովին փոխվում է: Եթե նախկինում հնարավոր էր մեկ հոգով թեկնածություն առաջադրել ու մարտահրավեր նետել իշխանությանը, ապա հիմա դա ամբողջովին փոխվում է: Ընտրական համակարգը ստիպում է, որպեսզի խոշոր թիմային աշխատանք կատարվի:
Նախկինում Վազգեն Մանուկյանը, Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն անհատական մակարդակով են կարողացել դա անել, իսկ այսօր դա ընդհանրապես հնարավոր չէ»,- այսօր կազմակերպված «Ներքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակը թեժանալու է, երբ քարոզարշավը սկսվի. «Գաղափարական առումով շատ տարբերություն չկա, ու ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որևէ ուժ դեռ չի կարողացել կոնցեպտուալ լուծումներ առաջարկել: Այս պայմաններում և՛ իշխանությունն ունի մեծ անվստահություն, և՛ ընդդիմությունը չի կարողանում այդ իրավիճակը փոխել»:
Քաղաքագետն ընդգծեց, որ, թեև իշխող կուսակցությունը գտնվում է դոմինանտ դիրքերում, բայց նրանց ներսում էլ կան խնդիրներ. «Նույնիսկ Կարեն Կարապետյանի՝ ցուցակում լինել-չլինելու հարցը ներքին պայքարի նշաններ է ցույց տալիս: Եթե ընդդիմությունն ավելի խելամիտ ու կազմակերպված լինի, կարող է բազում առավելություններ ձեռք բերել»:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի