«Այլ տարբերակ ենք մտմտում». Պետրոս Մակեյան

«Քննարկվում է մեկ այլ տարբերակ, որը ես այսօր չեմ կարող բացահայտել, քանի որ դեռևս քննարկման փուլում է, եթե այդ տարբերակը գործեց, ուրեմն՝ ինչ-որ բան կստացվի, եթե չէ, ընտրության մասնակցելն անիմաստ եմ գտնում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության մասին։

«Ի սկզբանե մեր մոտեցումն է եղել՝ քանի որ Հայաստանում ընտրական համակարգն իսպառ բացակայում է, և ամեն ինչ կախված է Բաղրամյան 26-ի և այնտեղ նստած անձի որոշումից, պետք է ստեղծել մի ազդեցիկ համախմբում, որը կդառնա հակակշիռ գործող վարչախմբին: Քանի որ իմ տպավորությունն այնպիսին է, որ դա այս փուլում գոնե ռեալ չէ, քննարկվում է մեկ այլ տարբերակ, որը ես այսօր չեմ կարող բացահայտել, քանի որ դեռևս քննարկման փուլում է, եթե այդ տարբերակը գործեց, ուրեմն ինչ-որ բան կստացվի, եթե չէ, ընտրության մասնակցելն անիմաստ եմ գտնում»։

Պ. Մակեյանը չհստակեցրեց, թե ինչ տարբերակի մասին է խոսքը։ Նա համոզված է, որ Հայաստանում ընտրության միջոցով, ընտրական գործընթացներով որևէ բան փոխել հնարավոր չէ. «Նույնիսկ Հայաստանում տեսական տարբերակ լսում ես, ծիծաղդ գալիս է, դա անհնարին է։ Դրա համար մի գործոն կա, դա ժողովրդի գործոնն է, որ ժողովուրդը ոտքի կբարձրանա՝ տեսնելով ուժային կենտրոն, հստակ համախմբվածություն, որ կարող է հակակշիռ լինել, ինչպիսին եղավ, ասենք, 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի դուրս գալու ժամանակ։ Մարդիկ նրան սիրելով դուրս չեկան, ուղղակի տեսան ուժային կենտրոն, համախմբում, որը ռեալ կարող էր հակակշիռ լինել գործող վարչախմբին։ Մեր խնդիրը ժողովրդին բարձրացնել է, իսկ ժողովրդին բարձրացնելու համար պետք է  իրական ընդդիմադիր ուժերի համախմբում, իսկ այս փուլում, գոնե իմ կարծիքով՝ չի ստացվում։ Դրա համար մի այլ տարբերակ մտմտում ենք, եթե այդ տարբերակն աշխատեց, ուրեմն՝ ինչ-որ բան կստացվի, եթե չէ՝ չէ»։

Պ. Մակեյանը նաև չհստակեցրեց՝ որ ուժերի հետ են իրենք այդ այլընտրանքային տարբերակը քննարկում. «Առայժմ չեմ կարող որևէ բան հստակեցնել, որովհետև եթե հստակեցնեմ, ինչ-որ բան չի ստացվի, դրա համար տեսնենք՝ ինչպիսի ընթացք կունենա, որից հետո հրապարակային կասենք՝ ինչ էինք ուզում, ինչ ստացվեց»։

Մեր այն հարցին, թե արդեն ձևավորված «Ելք» դաշինքը չէ՞ր կարող լինել ձեր նշած ընդդիմադիր ուժերին համախմբող դաշինքը՝ Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Դա կարող էր լինել, եթե իրենց ավելի ընդգրկուն, ավելի ընդլայնելու հնարավորություն տային, բայց ինչպես տեսնում ենք՝ արդեն օրը եկել-հասել է, իրենք մնում են իրենցով,  իսկ դա նշանակում է՝ իրենք ուզում են գնալ ընտրության, իսկ ընտրությունը, արդեն ասացի՝ ինչ արդյունք կարող է տալ»։

Տեսանյութեր

Լրահոս