Դուբայում Հայաստանը հյուպատոսություն կունենա

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» նախագահի հրամանագրի նախագծի մասին արձանագրային որոշումը։ Կառավարության նիստի ընթացքում այն ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում, մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով.

«Ներկայումս Դուբայն աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես՝ Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում է շաբաթական 4-5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները:

Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ: Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ` նպատակահարմար է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները»։

Տեսանյութեր

Լրահոս